792
Վախենում եմ, ով թագավոր, համարձակ եմ որ ես խոսում,
Սխալվում է, ով ամեն պահ մահվան գալուն չի սպասում։
Պիտի գա նա, ձուլում է ով՝ ցերեկները գիշերներին,
Թե չդարձա ես կենդանի՝ կյա՛նք ունեցիր հավիտենի։
793
Երբ որ թախտը ինձ խորտակի, այդ խորտակի՛չն ամեն կյանքի,
Պանդուխտի պես մեռնեմ կարոտ՝ ծնողների հեծեծանքի,
Եվ ոչ ընկեր, ոչ մտերիմ չարժանացնեն ինձ պատանքի—
Թող այդ ժամին ինձ չթողնի քո սիրտն առանց կարեկցանքի։
794
Ունեմ անբավ և անհաշիվ, անկշռելի հարստություն,
Տուր իմ գանձը աղքատներին, իմ ճորտերին՝ ազատության,
Լիացրու դու ամենքին՝ և՛ որբ, և՛ հագ չքավորին,
Որ ինձ հիշեն, բարի հիշեն, օրհնեն և ինձ՝ անցավորին։
795
Ինչ իմ գանձից արժանի չէ քո գանձերի հետ կցելու.—
Որբանոցած տուր դու որը, որը՝ կամուրջ կառուցելու։
Մի՛ խնայիր ունեցածս գործածել իմ հիշատակին,
Քեզնից բացի ոչ ոք չունեմ, որ ջուր լցնի իմ կրակին։
796
Այսուհետև դուք ինձանից չեք ստանա լուր իմ մասին,
Հոգիս ձեզ եմ հանձնարարում, իսկ գիրս ձեզ անկեղծ կասի,
Նա չի ստի, չի հետևի սատանայի պատիր կանչին.
Թողություն տուր և աղոթիր, մեռնողն ուրիշ ի՞նչ պահանջի։
797
Եվ խնդրում եմ, որ դու, արքա՛, ծառաս ընտիր Շերմադինին,—
Որին ընկան այս տարի մեծ նեղություննե՛ր, ծանր բաժին,—
Մխիթարես քո գթությամբ, ողորմությամբ իմ փոխարեն,
Որ աչքերից նրա հեծող արյուն-արցունք չվարարեն։
798
Ավարտում եմ կտակս ահա իմ սեփական ձեռքով գրած,
Եվ հեռանում, խնամակալ, գնում սրտով խելագարված։
Արքաներս թող չտրտմեն, թող չհագնեն նրանք խավար.
Սարսափ ազդեն ոսոխներին, արքա մնան երջանկաբար»։
799
Երբ ավարտեց գրելը նա՝ կտա՛կն հանձնեց Շերմադինին,
Ասաց. «Վարոք իմասնաբար հանձնիր դու այս թագավորին,
Եվ քեզ ոք չի գերազանցի՝ ինձ օգնելու ոչ մի գործով» —
Գրկեց նրան և հեկեկաց արյունագույն արտասուքով։