800
Աղոթում էր և շշնջում. «Ո՛վ արարիչ երկնի, երկրի,
Պատիժներ ես մերթ ինձ տալիս, մերթ էլ՝ շնորհ արեգակի,
Ո՛վ անիմաց, անասելի, ո՞վ գերիմաստ տեր տերերի,
Իմ տենչերին ուժ տուր հաղթել, իշխո՞ղ սրտի, ձգտումների։
801
Աղերսում եմ աստվա՛ծ, աստվա՛ծ, իշխո՛ղդ ողջ տիեզերքի,
Դու որ սերը և նրա ո՛ղջ օրենքներն ես կոչել կյանքի,–
Հեռու վանեց բախտս, ա՜խ, ինձ արեգակից իմ աննման,
Նրա ցանած սերն իմ սրտից դու մի՛ անի արմատահան։
802
Տեր ողորմած, բացի քեզնից չունեմ ոչ ոք, դու ես միակ,
Այս իմ երկար ճանապարհին, տեր իմ, եղիր ինձ օժանդակ.
Որ ես հաղթեմ իմ թշնամուն, ծովին հուզված, ոգուն չարի,
Ապա անձն իմ քեզ զոհ բերեմ, թե չմեռնեմ ճանապարհին»։
803
Երբ աղոթեց՝ հեծավ իր ձին ու դռներից ծածուկ ելավ,
Շերմաղինին ետ ուղարկեց, խեղճը արյուն-արցունք դառավ։
Ծառան իրեն կուրծքն էր ծեծում և հեծեծում էր խղճալի —
Երբ չի տեսնում տիրոջը իր՝ ծառան ինչպե՞ս ուրախ լինի։