Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

809 Երբ վեզիրը չեկավ պալատ՝ արքան ուրիշ մարդ ուղարկեց.
Սարդն իմացավ, բայց սիրտ չարեց զեկուցելու, դրսում կանգնեց,
Ռոստանի մեջ կասկած ծագեց և կռանեց միայն վերջում,
Ասաց. «Անշուշտ փախել է նա, հարյուրոց է ով վնասում»։

810 Գլուխը հակ նիշում էր նա, սրտի խորքում խիստ վշտացած,
Խոր հառաչեց, վերև նայեց և ծառային այսպես ասաց.
«Գնա, ասա անամոթին՝ թող գա պատմի նա ինձ մեկ-մեկ»։
Եվ վեզիրը վերադարձավ՝ սաստիկ գունատ ու ահաբեկ։

811 Վեզիրն եկավ նորից պալատ՝ տխուր էր նա, մութն երեսին,
Արքան ասաց. «Գնա՞ց արևն, այն անհաստա՛տն ինչպես լուսին»։
Ու նա պատմեց ամեն-ամեն, փախուստը լուռ ու ծածկաբար —
«Արևն էլ չի՛ մեզ արևում, օրը՝ աղոտ է ու խավար»։

812 Թագավորը երբ այս լսեց, բացականչեց նա սաստկապես,
Հեծեծում էր, ասում «Իմ սան, էլ չեն տեսնի աչքերն իմ քեզ,—
Դեմքն էր ճանկռում, պոկում մորուք, տեսնողներին իր զարմացնում,
Ո՞ւր գնացիր, ո՞ւր չքացար, լույսի շողերն ո՞ւր ես կորսամ։

813 Քանի վրադ գլուխ ունես՝ դու չես լինի պանղուխտ-֊աղքատ,
Սակայն ես ի՞նչ անեմ, իմ սա՛ն, իմ տունն ամբողջ արիր դժբախտ.
Ինձ խեղճ արիր, վայր գցեցիր, ախր սրտիդ ի՞նչ ես ասում,
Թե ինչքան եմ տառապելու՝ քեզ չի պատմի ոչ մի ասուն։

814 Քեզ ե՞րբ պիտի տեսնեմ կրկին՝ ետ դառնալիս որսից ուրախ,
Էլ չե՞մ տեսնի հասակդ նուրբ, գոհա՛ր, արած գնդակախաղ,
Ե՞րբ կլսեմ ես ձայնը քո իմ ականջին ախորժալի,
Առանց քեզ ի՞նչ պիտի անեմ ես իմ գահն ու պալատը լի։

815 Գիտեմ՝ քաղցը քեզ չի հաղթի՝ քանի ոտքիդ դու ուժ ունես,
Քեզ կպահի աղեղը քո, նետերը քո կեր կտան քեզ.
Գուցե աստված իր գթությամբ վերջ տա մի օր քո նեղության,
Բայց թե մեռնեմ, ո՞վ ինձ վրա արցունք թափի, ասա, իմ սան»։

816 Շփոթն ընկավ և հավաքեց մարդկանց այնտեղ հոծ բազմություն.
Արքունիքում մեծամեծներն իրենց մորուքն էին փետում,
Եվ հեծեծում, ծեծում էին ու ձեռներով ծափում գլխին,
Ասում. «Խավար մեր սև օրին, զի արևն է հասել մուտին»։