Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

834 «Ո՞ւր է տերդ, ի՞նչ է անում»— Ավթանդիլը հարցեց նրան,
Եվ լաց եղավ Ասմաթն իսկույն, արցունք թափեց ծովի նման.
Ասաց. «Գնաց, երբ մեկնեցիր, չդիմացավ մնալ այրում,
Ու չգիտեմ հիմա ոչինչ, ոչ տեսել եմ, ոչ լուր առնում»։

835 Ավթանդիլը սաստիկ տխրեց, մի տեգ խրվեց սրտին կարծես,
Ասաց. «Քո՛ւյր իմ, ահա իրոք, չպե՛տք է մարդ լինի այդպես.
Ինչպե՞ս դրժեց երդումը իր, ես ճիշտ եղա, իսկ նա ստեց,
Թե չէր կարող՝ էլ ի՞նչ խոստում, թե խոստացավ՝ ինչո՞ւ խաբեց։

836 Ես անարժեք համարեցի ապրել կյանքում առանց նրան,
Բայց մոռացավ գնաց ինչո՞ւ, անկարող էր ինչո՞ւ այդքան.
Նա երկնքին տված երդումն ինչպե՞ս դրժել է հանդգնում։
Սակայն այդ իմ բախտի՛ց է չար, և իզուր եմ ես զարմանում»։

837 Ասմաթն ասաց. «Դու այդ բանից նեղացել ես իրավացի,
Բայց ճշմարիտն ինչպե՞ս ասեմ, որ չկարծես թե կեղծեցի.
Չէ՞ որ պիտի սիրտ ունենա՝ խոսք ու երդում կատարելու,
Իսկ նա՝ անսիրտ տենչում է լոկ՝ կյանքի օրերն իր կարճելու։

838 Թե սիրտ, թե միտք, գիտակցություն շաղկապված են իրար հետ սերտ,
Որ կողմ որ սի՛րտն է ընթանում, նրանք գնում են նրա հետ.
Անսիրտ մարդը՝ մարդ չէ արդեն, մարդկանց շարքից դուրս է ընկնում,
Դու չես տեսել և չգիտես, թե ի՞նչ հուր է նրան այրում։

839 Իրավ ես դու, գանգատը քո, դու՝ բաժանված եղբայրացուց,
Բայց քեզ եղածն ինչպե՞ս ասեմ, բանականիդ պատմեմ ես ո՞նց,
Կարկամում է լեզուս, խորշում, ցավակցել է սիրտս բաղձում,
Իբրև դժբախտ ծնված մի մարդ՝ ես այսպես եմ նրան հաշվում։

840 Իբրև հեքիաթ՝ դեռ չի լսվել, նման ուրիշ մեկ դատաստան,
Նա կշարժի ոչ միայն սիրտ, այլ կշարժի քարեր անգամ.
Դիջլադն ամբողջ գուցե լցվեր նրա թափած արցունքներով,
Ինչ էլ ասեք՝ արդար եք դուք, այլոց մարտին՝ ա՛յլն է խելոք։

841 Երբ մեկնում էր՝ հարցի նրան, հուրով խանձված այրվածին.
«Ավթանդիլը գա՝ ի՞նչ անի, և կամ քո՛ւյրը երդմնածին»։
Ասաց. «Փնտրի մոտակայքում, ինձ՝ խաբվածիս նրա համար,
Իմ խոստումը ես չեմ դրժի, չեմ հեռանա կողմեր օտար։