Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

850 Այլևս նա ոչինչ չասաց, արտասվելով ճամփա ելավ,
Իջավ այրից, գետակն անցավ, շամբուտից դեն դաշտը մտավ։
Դաշտում փչող ուժեղ քամին հարվածում էր լալե-վարդին.
«Ինչո՞ւ ղու ինձ վիշտն այս տվիր»—բողոքում էր նա իր բախտին։

851 Ասաց. «Աստված, ի՞նչ մեղք արի, տերդ դիտող ամեն է-ի,
Ինչո՞ւ արիր այս վիճակին, թողիր առանց բարեկամի,
Մենակ՝ երկու մարդ հիշելով, կանգնած ծանր գործի միջին,—
Մեռնեմ, ես ինձ չեմ ափսոսա, արյունը իմ՝ իմ իսկ վզին։

852 Բարեկամս վարդի փնջով խփեց սրտիս, վիրավորեց,
Խոստումս ես կատարեցի, կատարելուց նա ետ կանգնեց.
Թե բաժանես ինձ նրանից—կմարի իմ խինդը, ով կյանք,
Ուրիշ ընկերն, ա՛խ, իմ աչքին ծաղր է կարծես ու անարգանք»։

853 Շարունակեց. «Զարմանում եմ՝ խելոք մարդու վշտի վրա,
Ի՞նչ օգուտ կա վշտանալուց, կամ արցունքի առվից նրա,
Պիտի խորհել, ընտրել, գտնել ուրիշ միջոց գործի համար,
Փնտրեմ արևն եղեգնակազմ՝ ավելի է այդ ինձ հարմար»։

854 Ու փնտրելու կտրիճն ելավ՝ լացով, աչքին՝ արցունք հեղուն,
Եվ որոնում, կանչում էր նա, գոռում՝ գիշեր-ցերեկ արթուն,
Երեք օր նա ման էր գալիս, շամբուտ ու ձոր, դաշտ ու անտառ,
Բայց չգտավ, գնաց տրտում, նրա մասին լուր իսկ չկար։

855 Եվ ասում էր. «Աստված, քո դեմ ի՞նչ մեղք արի, ի՞նչ արի քեզ,
Ինչո՞ւ տվիր այս բախտը ինձ, ինչո՞ւ տվիր պատիժ այսպես.
Ով դատավոր, գթա դու ինձ, լսիր դու իմ պաղատանքին,
Փոխի՛ր իմ վիշտն ուրախության՝ վերջ տուր, աստվա՛ծ, դու իմ կյանքին»։