Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեր ամեն ինչ՝ ինձ պատկանող՝ իբրև բաժին արքայազնի»,
Ու երբ բերին՝ բաշխեց անչափ, բաշխեց անթիվ ու անխնի։

53 Բաշխեց այդ օր նա ամեն ինչ՝ առած-պահած դեռ իր մանկութ,
Նա ոչ ոքի՝ մեծին, փոքրին, չմոռացավ առատագութ։
Ասաց ապա. «Պիտի անեմ, ինչ դաս առա ես իմ հորից,
Չթաքցնեք մի խիլ անգամ իմ ժառանգած ճոխ գանձերից»։

54 Հրամայեց. «Ելե՛ք, բացե՛ք գանձարաններն՝ ուր էլ որ կան,
Ամիլախոր, բե՛ր երամակ, թափի՛ր ջոկեր և թե ձիան»։
Բերին։ Բաշխեց առատաձեռն ու բաշխելով չէր ձանձրանում.
Զորքը հեն էր կարծես դառել՝ գանձերն այնպես էր խլխլում։

55 Ավարեցին արժեն նրա, տարան որպես մալը թուրքի,
Եվ նժույգներն արաբական, որ գեր էին ու մսուրքի։
Ու բաշխումով իր նմանվեց նա երկնքից բքած բուքին,
Որ չի թողնում առանց բաժնի՝ ոչ այր-ծառա և ոչ իսկ կին։

56 Անցավ մի օր հացի նստած՝ և կերուխում, և աղանդեր,
Խրախճանքի եկած զորաց թիվն անհամար և անեզեր։
Սակայն արքան գլուխը հակ՝ դարձավ տխուր ու մտահոգ.
«Արդյոք ի՞նչ հոգս պատեց նրան»— շշնջացին զոր ու զորոք։

57 Վերև նստած քաջ Ավթանդիլն, այն ցանկալին ամեն աչքի,
Նման վագրի և առյուծի, ժիր զորապետն ամբողջ զորքի,
Նրա կողքին՝ Սոկրատը ծեր՝ ավագ վեզիրն արքունական,
«Ի՞նչն է տանջում,— ասին իրար,— ի՛նչ գունատ է տե՛ս մեր արքան»։

58 Մտածեցին. «Արքան, հարկավ, ինչ որ մի վատ բան է հիշել,
Ապա թե ոչ՝ աստ անախորժ կամ սիրտ կոտրող բան չի եղել»։
Եվ Ավթանդիլն ասաց. «Սոկրատ, հարցենք, ինչո՞ւ այդպես փոխվեց,
Կատակելով մենք հանդգնենք, թե նա ինչո՞ւ մեզ անպատվեց»։

59 Ու վեր կացան՝ Սոկրատը ծեր և Ավթանդիլն հալվեատես,
Առափեցին գավաթն իրենց ու մոտեցան հուշիկ ու հեզ.
Ու դեմքերին՝ խոնարհ՝ ժպիտ, ծունր իջան առաջ նրա,
Եվ բարբառեց կատակախառ՝ ճարտար լեգվով վեզիրն իրա։

60 «Տրտմել ես դու, ո՛վ մեծ արքա, ժպիտ չկա էլ քո դեմքին,
Իրավ ես դու, վատնվեցին գանձերդ ծանր ու թանկագին...