Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջիկը ձեր առատաբար ցրում, բաշխում է ամենքի,
Չկարգեի՛ր նրան արքա, ինչո՞ւ բերիր քեզ փորձանքի»։

61 Արքան երբ այս խոսքը լսեց, ծիծաղելով նրան նայեց
Ու զարմացավ, թե նա ինչպես այդպես խոսել համարձակվեց։
Բայց սիրտ տալով՝ լավ խոսեցիր, ասաց, եղավ շնորհակալ
«ժլատությամբ ով ինձ մեկնի սխալվո՛ւմ է նա կանխակալ։

62 Այդ չի, վեզիր, ինձ վշտացնում. ինչու եմ ես տխուր՝ կասեմ,
Երիտասարդ օրերս անցան, ծերությանն եմ հասել արդեն,
Մարդ չես գտնի մեր տիրության սահմաններում քառաոլոր,
Որ ուսանա՛ծ ինձնից լինի հերոսական բարքեր բոլոր։

63 Ես միայն մի աղջիկ ունեմ՝ պահված քնքուշ, գրգանքներում.
Չկամեցավ աստված ուստր—վճիռն այս է բախտի մերում,
Որ կամ նետով ինձ նմանվեր և կամ խաղար հոր պես բուրթի,
Բայց Ավթանդիլն՝ ինձնով վարժած, կելնի մի օր ի մրցույթի»։

64 Ու ջահելը վեհ ու հանգիստ, խոնարհ լսում էր արքային,
Գլուխը կախ ժպտում սուսիկ՝ այնքան վայել նրա դեմքին,—
Ճերմակաշար ատամների փայլն էր շողում, փռվում հեռու,
Ու հարցրեց արքան նրան. «Ամաչեցի՞ր ինձնից, ինչո՞ւ»։

65 Ու կրկնեց. «Ժպիտդ ի՞նչ է, ծիծաղո՞ւմ ես դու ինձ վրա»,
Կտրիճը թե. «Կասեմ, սակայն, հրամա՛նքդ շնորհ արա,—
Ինչ սիրտ անեմ—չնեղանաս, չզայրանաս ու վրդովվես,
Չհամարես հանդուգն ինձ, քո շնորհից ինձ ո՛չ զրկես»։

66 «Խոսքերը քո,— ասաց արքան,— վիրավորանք չեմ ընդունի»,
Երդում արավ նա արևով՝ արևից վառ Թինաթինի։
Եվ Ավթանդիլն այնժամ ասաց. «Կհանդգնեմ ես արդ խոսել.
Մի պարծենա նետ գցելով, լավ է համեստ խոսքեր ասել։

67 Ձեր ոտի հո՛ղն, Ավթանդիլը, ձեզանից լա՛վ նետ կնետի
Գրազ կգամ—իբրև վկա՝ ձեր ճորտերի խումբը դատի.
«Մրցույթի մեջ,— դուք ասացիք,— չկա ինձ պես»,— ետ չկենաք.
Այդ վճռելու համար, սակայն, բուրթի՛ է պետք, հրապարա՛կ»։

68 «Ես չեմ թույլ տա,— ասաց արքան,— որ դրանում ինձ մրցակցես,
Դե՛հ, կարգադրի՛ր, նետ արձակենք, դու պայմանից չընկրկես.