Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻՑ ԲԱԺԱՆՎԱԾ ԱՎԹԱՆԴԻԼԸ ԳՆՈԻՄ է ՖՐԻԴՈՆԻ ՄՈՏ

957 Յոթանասուն օրեր քաջն այն ծովի ափով գնաց լացով,
Մի օր տեսավ նավորդների՝ նավում էին ծովի միջով.
Ու սպասեց՝ մինչ ափ ելան. «Ո՞վ եք, ձայնե՛ք իմ այս խնդրին,
Այս պետությունն ո՞ւմն է արդյոք, հպատակ է կամ ո՞ւմ թրին»։

958 Ասին նրան. «Ով դու չքնաղ՝ գեղ կեցվածքով և թե դեմքով,
Դու լավ մարդ ես մեզ երևում, ուստի կասենք մենք քեզ գովքով,
Թուրքերինն է մինչև այստեղ, Ֆրիդոնին սահմանակից,
Թե մենք ումն ենք՝ կասենք հիմա՝ եթե չապշենք քո այդ տեսքից։

959 Եվ Նուրադին Ֆրիդոնն է այս մեր երկրի արքան արի,
Ձիու վրա արագ հեծնող, առատաձեռն, հզոր բարի,
Ոչ մի մարդ չի կարող կանգնել այն քաջի դեմ արևադեմ,
Նա է մեր տերն ու գեղեցիկ՝ ինչպես ա՛րևը երկնաճեմ»։

960 Կտրիճն ասաց. «Եղբայրք դուք իմ, լավ մարդկանց եմ՝ ձեզ հանդիպում,
Ասենք՝ հիմա ինչպես գնամ՝ ձեր արքայի՛ն եմ որոնում.
Ինչքա՞ն անցնեմ, ե՞րբ կհասնեմ, ասեք, արդյոք, շա՞տ է ճամփան»,
Ու նավորդներն հանց աոաջնորդ՝ տարան նրան մինչև սահման։

961 Ասին. «Այս է Մուլղազանզար քաղաք տանող ուղիղ ճամփան.
Այնտեղ է մեր քաջ նետաձիգ, թուրը կտրուկ Ֆրիդոն արքան.
Տաս օր պիտի ճամփա գնաս, ո՛վ լալագույն, նոճե իրան,
Ախ, այրեցիր՝ օտարդ օտար, տվիր դու մեզ հրի բերան»։