Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

962 Կտրիճն ասաց. «Զարմանք, օ՜, իմ՝ ինչո՞ւ դարձաք ինձ հոգացող,
Եվ կամ ինչո՞ւ հավանեցիք՝ վարդոց գունատ, ձմռան հեծող,
Այնժամ պիտի ինձ տեսնեիք, ազատ էի երբ չգերված,
Ով տեսնում էր՝ ուրախանում, ինձնով մնում նա հիացած»։

963 Նրանք անցան, մինչ քաջարին՝ սրտով երկաթ կազմով նոճի,
Ուղղեց իր ձին, ուր ցույց տվին, ընկավ ճամփան իր դիմացի.
Եվ սուրում էր, երգ մտմտում անուշ ձայնով ինքը իրան,
Եվ նարգիզներն են անձրևում, թրջում բյուրեղ, թրջում մինան։

964 Ինչ օտարներ տեսան ճամփին՝ ծառայություն էին անում,
Գալիս էին՝ տեսնեն նրան, գալիս էին և հիանում.
Չէին ուզում աչքից թողնել և անջատվում հազիվ միայն,
Հարցին համեստ պատասխանում և ուղի՛ ցույց տալիս նրան։

965 Մուլղլազանզար հասավ արագ, երկար ճամփան շուտ կտրելով,
Այնտեղ մի դաշտ տեսավ նա լի գազան որսող զինվորներով.
Նրանք այնտեղ օղակ կազմած, մեծ որսադաշտ էին պատում,
Գազան հնձում հանց կարկուտի, աղաղակով նետ արձակում։

966 Տեսավ մի մարդ, հարցեց նրան, այնտեղ ի՞նչ է թե կատարվում,
Թե զորքն արդյոք ո՞ւմն է, ասեն, ի՞նչ ձայներ են այնտեղ լսվում.
Պատասխանեց. «Մուլղազանզար մեծ քաղաքի Ֆրիդոն արքան
Որսի ելած՝ կապել է նա շամբուտն ամբողջ և դաշտն այսքան»։

967 Ուղղվեց դեպի զորքը խաղցող ու՝ տեսարանն արտասովոր,
Ուրախացավ, գեղը նրա՝ ինչպես ասեմ ես հանգավոր.
Ով հեռանա՝ ցուրտ կսարսի, մոտեցողին՝ արև այրող,
Եղեգնօրոր այն իրանով խենթանում է ամեն տեսնող։

968 Ու գնդի մեջ հանկարծ զորաց ինչ որ տեղից արծիվ սուրաց,
Ավթանդիլը ձին մոտ քշեց՝ և խիզախեց, ոչ թե սարսաց,
Նետով զարկեց և վայր գցեց, արյունաթավ գետնին ընկավ
Ցատկեց, թևերն արեց կոտոր, հանգիստ նորից իր ձին հեծավ։

969 Եվ որսորդներն այս տեսնելով՝ ընդհատեցին որսը իրենց,
Հափշտակված՝ թողին օղակն, եկան, զորքը ողջագուրվեց,
Շրջապատո՛ւմ էին նրան և հետևից ոմանք գնում,
Չէին ասում գոնե՝ «ով ես», ոչ էլ մի այլ բա՛ն հանդգնում։