978
Հեծան ձիերն ու դիմեցին դեպ ապարանք Ֆրիդոնի,
Թողին և որս, որսորդություն, և վերջ եղավ կոտորումի,
Զորքեր եկան ամեն կողմից՝ Ավթանդիլի դեմքը դիտեն,
Ասին. «Արդյոք ի՞նչն ստեղծեց սրա նման մի հողեղեն»
979
Կտրիճն ասաց Ֆրիդոնին. «Գիտեմ, շտապ լուր ես ուզում,
Թե ո՞վ եմ ես և որտեղից, Տարիելից ի՞նչ եմ ասում
Կամ թե նրան ինչպե՞ս գիտեմ, ինչո՞ւ «եղբայր» կոչում նրան,
Թեպետ և ես արժանի չեմ՝ ճորտ լինելուն նրա անգամ։
980
Ռոստևանի ճռրտն եմ՝ որ կամ, կտրիճ՝ կրթված Արաբիայում,
Սպարապետ մեծ ու հզոր, ինձ Ավթանդիլ են անվանում,
Նշանավոր տոհմի զավակ և որդեգիր Ռոստևանի,
Որ քաջարի ու ահարկու՝ և մրցակից իր դեմ չունի։
981
Արքան մի օր ծառաներով որսի ելավ հեծած իր ձին,
Հանդում տեսանք իր արցունքով դաշտ ոռոգող Տարիելին։
Մենք զարմացանք՝ ոչ էր սովոր, մոտ կանչեցինք՝ չեկավ սակայն,
Ու նեղացանք՝ ի՞նչ գիտեինք՝ նրա սրտում վշտեր ինչ կան։
982
Արքան հուզվեց, մարդիկ ճամփեց՝ նրան մեզ մոտ բերեն բռնի,
Բայց բոլորին նա կոտորեց, մինչև անգամ առանց կռվի.
Ոմանց ուսն ու կողքը ջարդեց,. ոմանց հոգին զատեց մարմնից,
Մենք հասկացանք, որ չի շեղվի՝ լուսնի անիվն իր ընթացքից։
983
Երբ զայրույթով տեսավ արքան՝ հրամա՛նն է դեռ անկատար,
Հեծավ իր ձին և արշավեց՝ ինքը անդողդ ու քաջաբար,
Իսկ Տարիելն արքա տեսավ—հարգեց նրա թուրը կարծես,
Ասպանդակեց հեծած իր ձին — աչքից անհե՝տ անմիջապես։
984
Որոնեցինք՝ հետքը չկար, ընդունեցինք սատանի տեղ։
Արքան տխրեց և ընդհատեց կեր ու խումն ու խնճույքն այնտեղ։
Ես անհամբեր այլևս եղա՝ եղելությունն իմանալու,
Ինձ կրակ ու մրմուռ առավ—ելա նրան որոնելու։
985
Փնտրում էի երեք տարի, զրկուն անգամ քաղցր քնից,
Մի օր նրա վիրավորած չին-մաչինցիք ցույց տվին ինձ,
Եվ ես գտա վարդը դեղնած, շուք կորցրած, դժգուներես,
Նա ինձ սիրեց՝ ինչպես եղբոր, իր հարազատ որդուն ինչպես։