Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

986 Այր էր խլել նա դևերից, կռիվ արել արյունալի,
Լոկ Ասմաթն էր մնում իր մոտ, չկար ոչ ոք ուրիշ էլի.
Ու միշտ իր հին հուրն է այրում, չէ թե նորը կամ նորագին,
Վա՜յ նրանից բաժանվածին, սև ցեխ պիտի նրա գլխին։

987 Մենակ նստած կինը այրում և անընդհատ լաց է լինում.
Իսկ նա՝ որսում՝ առյուծ որպես, իր կորյունին որս է բերում,
Իր որսածով պահում նրան, բայց չի մնում ինքը մի տեղ—
Եվ Ասմաթից բացի ուրիշ՝ չի կամենում տեսնել այլ ցեղ։

988 Ինձ՝ օտարիս, արժան արեց լսել մի վեպ երանական—
Պատմությունը արեց իրա, իր երագի նվիրական,
Ինչ վշտեր է թե նա կրել՝ խենթիս լեզուն չի պատմի քեզ,
Մեռնում է նա՝ իր թաղողին՝ չտեսնելու կարոտից կեզ։

989 Լուսնի նման նա ոչ մի տեղ կանգ չի առնում, այլ միշտ շրջում,
Քո նվիրած սև ձին հեծած, նա իր ձիուց ցած չի իջնում։
Նա չի տեսնում ասունի դեմք, խուսափում է՝ ինչպես վայրի,
Վա՜յ ինձ՝ նրան վերհիշողիս, վա՛յ՝ որ նրա հուրը կայրի։

990 Եվ նրա վիշտն է ինձ այրում, լալիս հոնգուր ես արցունքով,
Ու խղճալուց՝ խելքս թռել, խելագար եմ դարձել սրտով.
Ցամաք ու ծով պտտվելով՝ փնտրում եմ ես նրան մի ճար,
Արքաներիս մոտ ես դարձա, տեսա նրանց ես վշտահար։

991 Դիմեցի թե ինձ արձակի՝ սակայն արքան իմ վրդովվեց,
Բայց ես թողի զորքերն իմ ողջ, սուգ են անում այնտեղ արդ մեծ,
Փախա ծածուկ, ազատվեցի լաց լինելուց արյունախառ.
Թափառում եմ այս ու այն դին, նրա համար փնտրում մի ճար։

992 Քո պատմությունն արեց նա ինձ՝ քո ու նրա եղբայրացման,
Եվ եկել եմ, գտել արդ քեզ՝ աննմանիդ գովքի արժան,
Այժմ ասա՝, ինձ տուր խորհուրդ՝ որտե՞ղ փնտրեմ արևշողին,
Որ տեսնողին խինդ է բերում, տեսնելու տենչ՝ չտեսնողին»։

993 Ինչ կտրիճը պատմեց նրան՝ հուր էր դարձել Ֆրիդոնին,
Եվ երկուսով ի մի ձայնի՝ գովեստ ողբում նրա ձոնին
Լալիս էին սրտակոտոր անմխիթար հեկեկալով,
Եվ հեղեղում վարդին լճե, հոնգուր-հոնգուր արցունքներով։