Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԳՆԱԼԸ ՆԵՍՏՍԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻՆ ՈՐՈՆԵԼՈԻ ԵՎ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՔԱՐԱՎԱՆԻՆ

1013 Լիալուսնի նման կտրիճն արշավում էր տխուր-տրտում,
Թինաթինին հիշելն էր լոկ սրտին տալիս թեթևություն.
«Հեռացել եմ,— ասում էր նա,— ա՜խ, բաժանո՛ղ բա՜խտ անիծյալ,
Դու ես՝ ունե՜ս դեղը վերքիս, ախ, ամոքի՜ր վերքս դարձյալ։

1014 Ինչո՞ւ է հուրն անվերջ այրում սիրտն հերոսի թույնի տապում,
Ինչո՞ւ սիրտս ժայռի նման՝ տված ցավից քո տառապում։
Տեգի խոցը ցավ չի տալիս՝ այնքան, որքան խոցված հոգին,
Դու ես պատճառ՝ կյանքս այսքան՝ թույն է դարձել ու դառնագին»։

1015 Եվ արշավում էր Ավթանդիլն չորս ճորտի հետ ծովի ափով,
Եվ որոնում Տարիելի դարմանն իր ողջ կարի թափով.
Գիշեր–ցերեկ աչքից նրա՝ արցունքն իբրև առու՝ հորդ էր,
Աշխարհն ամբողջ նրա համար ծղոտի գին, կշի՜ռ ուներ։

1016 Ուր հանդիպում ճամփորդ մեկին, թե անցորդի մի պատահում,
Ու հարյուրած օրը արդեն՝ արևից էր նորից հարցում։
Ելած մի օր մի կատարի — տեսավ բեռնած ուղտի շարան,
Ծովի ափին՝ խուճապի մեջ կանգնած ամեն մի ուղտապան։

1017 Եվ քարավան կանգնած անթիվ, ծովի ափին կանգնած մոլար,
Ինչ որ հոգսից, նեղությունից—ոչ կանգնած էր, ոչ թե գնար,
Ավթանդիլը ասաց՝ սալա՜մ և հարգալի նա գովք արեց.
Հարցեց ապա. «Վաճառակա՛նք ովք՞ր եք»,— ու խոսքի բռնեց։