Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՌՈՍՏԵՎԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

71 Ու առավոտ վաղորդենի շուշանն եկավ պերճանկար,
Դեմքը բյուրեղ և հանց բալախշ, հագին՝ զգեստ պաճուճակար,
Գլխին խավուն բոսորագույն, է՛լ գարդարող կապարճ–գոտի,
Հեծած նժույգ ճերմակ-ճերմակ, արքային էր կանչում մարտի:

72 Արքան հագավ, զինվեց, հեծավ. որսի ելան հանդիսավոր,
Շրջանաձև օղա՛կ էին կապել դաշտի շուրջը բոլոր.
Հանդես էր զուտ ամենեքյան, զորքերը դաշտն առել էին,
Ու ի մրցույթ նետ էր տեղում, ու անընդմեջ մրցում էին։

73 Հրամայեց. «Տաս և երկու՛ ծառա մեզ հետ պիտի շրջեք,
Եվ աղեղներ տաք մեզ լարած, արագաբար նետ մատուցեք,
Նետած նետը պիտի հաշվեք՝ դիպածների հետ համեմատ»։
Իսկ որսացուն՝ դուրս է պրծել, դաշտով սուրո՛ւմ է անընդհատ։

74 Ջոկը ջոկին էր հետևում, որսացուին չկար համար —
Եղջերուներ, այծյամ ու ցիռ ու եղնիկներ թռչակամար,
Զարկում էին տեր ու ծառա, հանդես բացում մի անվեհեր,
Ահա ձեզ նետ, ահա աղեղ ու անդադրուն, քաջ որսորդներ։

75 Նժույգների հանած փոշուց լույսն արևի էր խավարում։
Զարկում էին և կոտորում, արյունից դաշտն էր կարմրում.
Ծառայք նոր նետ էին տալիս, երբ սպառվու՛մ էր հինն արդեն,
Ու նետահար որսը նրանց անզոր էր քայլ անել անդեն։