Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1054 Այստեղ գալով, ծերերն անգամ, փոխվում են և ջահելանում,
Այստեղ խնդում և կերուխում, երգ ու խաղը վերջ չեն առնում,
Ծաղիկ ունենք երանգ-երանգ մենք անխտիր ամառ-ձմեռ,
Երանի է տալիս գուցե և թշնամին անգամ իսկ մեր։

1055 Մեծավաճառն այստեղից լավ, շահութաբեր տեղ չի ճարի,
Կվաստակի, կվնասվի, նորից կառնի, կվաճառի,
Ապրանքն՝ առատ. աղքատն այստեղ՝ մեկ ամսում է հարստանում.
Եվ չունևորն իսկ մեկ տարում՝ ապրանքների տեր է դաոնում։

1056 Ես այգեպանն եմ Ուսենի, նա է ավագն առևտուրի.
Պատմեմ ես արդ մասին նրա՝ եղած ծեսեր ու կարգերի.
Ուր իջել եք ինքներդ այսօր — նա է նորից տերը այգուս,
Ամեն ընտիր ապրանքն այստեղ նախ նրա՜ն պիտ դնեք ի ցույց։

1057 Մեծավաճառք հենց որ եկան—այցում են ու նվեր տանում,
Ցույց են տալիս՝ ինչ են բերել, ապրանքն այլ տեղ բաց չեն անում,
Ինչ ընտիր է՝ կանի սեփե ու գինն իսկույն կվճարի,
Եվ արձակում ապա ազատ՝ ուր կուզենաս՝ տար վաճառի։

1058 Ձեզ, պատվելի մարդուդ, անշուշտ, նա կտանի պալատն իրեն,
Իսկ պաշտոնյա մարդկանց մասին՝ կասի պատշաճ տեղավորեն.
Սակայն հիմա այստեղ չէ նա, ես հիշեցի իզուր նրան,
Դիմավորել, ձեզ տուն տանել՝ հենց ինքը նա՜ է պարտական։

1059 Ֆաթման-խաթունն այժմ տանն է, խաթուն է ու կինը նրա,
Շատ հյուրասեր, աղ ու հացով և սիրալիր—կոպիտ չէ նա,
Իմաց կտամ գալուստը ձեր, թող իրեն մոտ ձեզ ընդունի.—
Մարդ կուղարկի՝ դիմավորեն, լույս-ցերեկով քաղաք տանի»։

1060 Կտրիճն ասաց. «Գնա վարվիր այնպես, ինչպես դու ես ուզում»։
Այգեպանը վազեց ուրախ, քրտինքը մինչ կուրծքն էր վազում։
Ու խաթունին պատմեց ինչ կար, ասաց. «Սիրտդ ուրախ մնա,
Այսօր եկավ մի լավ կտրիճ, տեսնեն, կասեն՝ արև՜ է նա։

1061 Վաճառական ինչ որ եկած, տեր ահագին քարավանի,
Նոճու նման վայելչակազմ, նման է յոթ օրվա լուսնի։
Ու սազում է նրան ջուբա, գլխին՝ խավուն ծիրանավուն,
Նա ինձ կանչեց, թե իմանա՝ կերպասների գինն այս վայրում»։