1049
Ծայրեիծայր ծովով անցավ Ավթանդիլը գեղահասակ,
Մի օր տեսավ ամեն կողմից այգիներով պատած քաղաք,
Ուր ծաղիկներ էին բուրում բազմագույն ու բազմապիսի,
Ինչպե՞ս պատմեմ, ինչո՞վ պատմեմ այդ գեղեցիկ երկրի մասին։
1050
Նավը երեք ճոպաններով այգիների ափին կապեց,
Ավթանդիլը ջուբա հագած մի աթոռի վրա նստեց,
Հավաքվեցին բեռնակիրներ՝ օրավարձով շատ աննշան,
Կտրիճն առնում, ծախում՝ ծպտյալ, իբրև ավագ վաճառական։
1051
Ու այգեպանն ապա եկավ, ում այգու մոտ նրանք իջան,
Հիացմունքով Ավթանդիլի դեմքին նայեց լուսանման։
Ավթանդիլը իր մոտ կանչեց խոսել սիրող այգեպանին.
«Ո՞վ եք,— ասաց.—ի՞նչ են կոչում այստեղ բազմող թագավորին»։
1052
Ապա նորից ասաց նրան. «Մեկիկ-մեկիկ տուր պատասխան՝
Կերպասներից ո՞ր մեկն է թանկ, ո՞րն է ծախվում այստեղ էժան»։
Պատասխանեց. «Դեմքդ տեսա՝ այն դեմք հո չի, այլ՝ արեգակ.
Ինչ որ գիտեմ, կասեմ քեզ ճիշտ, սուտ խոսելու չեմ ընդունակ։
1053
Տերություն է սա ծովային, ճամփա կտրող տասը ամսի,
Գուլանշարո քաղաքն է այս, բարիքներով անբավ ու լի,
Եվ նավերով աստ են բերվում ապրանքները ընտիր ու լավ,
Եվ թագավո՛րն է բախտավոր՝ անչափ հարուստ Մելիք-Սուրխավ։