Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1096 Իսկ ոչ եթե—հենց այս գիշեր իշաներին բեռդ բարձիր,
Հավաքիր ինչ ունես-չունես և մեր կողմից շուտ հեռացիր.
Վախենում եմ՝ մեղքիս համար վզիդ վրա փորձանք բարձեն,
Թե կտրիճն այս պալատ գնա՝ զավակներիս՝ ի՛նձ կուտեցնեն»։

1097 Ավթանդիլը խիզախ, բարի, երբ որ տեղյակ ելավ լուրին —
Ելավ տեղից իր լախտն առավ, ի՜նչ սիրուն է մարդ-քաջարին,
«Չձեռնարկեմ,— ասաց,— գործն այս — արդյունք է լոկ իմ վատության»։
Մի՛ վարանիր—այլ շնչավոր՝ չկա՛ մեկը նրա նման։

1098 Կնոջն ասաց. «Մարդ տուր ինձ հետ՝ ճամփա ցույց տա, ուսուցանի,
Ինձ օգնական պետք չէ հարկավ—ուղիղ ճամփով այնտեղ տանի։
Չեմ համարում ես այն մեկին մարդ-մրցակից կամ զինակիր,
Թե ինչ կանեմ՝ կասեմ ես քեզ, հանգի՛ստ մնա, ինձ սպասիր»։

1099 Ֆաթմանն իսկույն ծառա տվեց՝ տանի նրան, առաջնորդի.
Իսկ հետևից ձայնեց– «Հիմա՝ կմեղմանա հուրն իմ սրտի.
Թե սպանես դու այն մարդուն՝ այս իմ սրտին հագուրդ կտաս,
Մատանիս է մատին նրա, բեր մատանին, երբ ետ կգաս»։

1100 Ու Ավթանդիլն անզուգական իր կեցվածքով քաղաքն անցավ,
Ծովի ափին կանաչ-կարմիր քարից կերտված մի տուն տեսավ,
Ցածում կար մի չքնաղ սրահ, իսկ վերևում՝ ճոխ դարատափ,
Խոշոր շենքի մասերն իրար կցված էին նուրբ, համաչափ։

1101 Ավթանդիլին՝ դեմքը արև, ուղեկիցը տարավ այդ տան,
Եվ ցած ասաց. «Սրահն է այս պատկանում ձեր փնտրած մարդուն»–
Ցույց է տալիս, ասում նրան. «Տեսնում ես այն տանիքն առնած,
Գիտցիր, նրան միշտ կգտնես այնտեղ նստած կամ թե քնած»։

1102 Դռան առաջ երկու պահակ պառկել էին, մտել ի քուն,
Ավթանդիլը մտավ պալատ՝ առանց աղմուկ, լուռ ու թաքուն։
Ամեն ձեռով բռնեց մի բուկ և երկուսի հոգին հանեց,
Գլուխները խփեց իրար, մազն ու ուղեղն իրար խառնեց։

1103 Մինչ պատանին ննջարանում պառկել մենակ ու զայրացած,
Ավթանդիլը, ձեռներն արնոտ, կանգնեց հանկարծ նրա դիմաց
Նա դեռ չելած՝ այնպես զարկեց, որ մեռավ ու՝ մարդ չլսեց,
Բռնեց ձեռով, տվեց գետին և դանակով նրան մորթեց։