Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1088 Ֆաթմանը երբ նրան տեսավ, դողաց, ցնցվեց ու սարսափեց։
Եկողն ապշած նրանց մահճին, գուրգուրանքին հայացք ձգեց,
Ասաց. «Ես քեզ չեմ խանգարի, ո՛վ կին, որ այլ գու՛յն ես առել.
Երբ լուսանա՝ կփոշմանես, որ նոր մարդ ես քեզ մոտ բերել։

1089 Ինձ առարկա դարձրիր ծաղրի, պոռնի՛կ, արիր ինձ խայտառակ,
Հատուցումը բայց քո գործի հենց վաղն ևեթ կգա արագ.
Քո սեփական որդոց միսը քո ատամով ծամել կտամ,
Թե այդ չանեք՝ թքիր միրքիս, դաշտերն ընկնեմ՝ ես խենթ ման գամ»։

1090 Ասաց, ապա, ձեռը միրքին, նա դուրս ելավ եկած տանից։
Ֆաթման այտե՛րն էր ճանկռոտում, արյունոտում, գլխին տալիս.
Եվ արտասուքն էր կարկաչում՝ հորդ աղբյուրի նման սարի,
Ասաց. «Վայ ինձ, եկեք, թաղեք վրաս կույտեր լցրեք քարի։

1091 Սպանեցի, ախ, ամուսնուս, կոտորեցի մանկանց անմեղ,
Ողջ ունեցվածքն ավար արի՝ ազնիվ քար ու կայք ու ակնեղ,
Բաժան եղա սիրածներից — վայ ծնողին, զավակներին,
Վերջը բերի, ա՛խ, ես իմ տան, ամո՛թ-ամո՛թ իմ խոսքերին»։

1092 Եվ Ավթանդիլն ամենն ահա զարմացած էր ականջ դնում,
Ասաց. «Ասա, ի՞նչ պատահեց, ի՞նչ ես այդպես դու վշտանում,
Եկվորն, ասա, ի՞նչ սպառնաց, ի՞նչ արատներ քո մեջ գտավ,
Հանգիստ ասա, ո՞վ էր արդյոք, կամ ի՞նչ գործով այստեղ եկավ»։

1093 Պատասխանեց. «Ով դու առյուծ, խենթացել ելք ես շատ լալուց,
Ինձ ոչ մի բան մի հարցնի, անկարող է պատմել լեզուս,
Զավակներիս մորթել եմ ես, լալիս եմ ես դրա համար,
Կործանեցի ինձ քո սիրուց՝ քանզի չեղա համբերատար։

1094 Անտեղի ու շատ խոսողի ահա այս է գալիս գլխին
Գաղտնիք պահել չիմացողին և հիմարին, խելագարին.
Քեզ կպատմեմ ամեն-ամեն, կարեկից ես վշտիս այդ դու—
Բժիշկը չի՛ կարող բուժել՝ իր թշնամուն արյունարբու։

1095 Այս երկուսից մեկը ընտրիր և ավելի մի ցանկանա,
Կամ սպանիր այն եկողին, քանի մութն է՝ թաքուն գնա։
Եվ այսպիսով տունն իմ ամբողջ կործանումից դու կփրկես,
Թե ինչու եք այսքան լալիս՝ երբ ետ կգաս՝ կասեմ ես քեզ։