Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

1146 Ինչ հարցրինք—ես չգիտեմ՝ լսե՞ց արդյոք, թե՞ չէր լսել.
Մարգարիտն իր չէր ցույց տալիս, վարդ-ջուրթե՚րն էր իրար կցել
Օձ-խոպոպներն անկարգ թափված, շուռ էր տվել ծաղկոց այտեր.
Թե ծածկել էր վիշապն արև, էլ լույսն ինչպե՞ս պիտի բացվեր։

1147 Մեր խոսքերից և ոչ մեկի պատասխանին չարժանացանք.
Մռայլված էր՝ ինձ ու հովազ, բայց թե ինչո՞ւ—չհասկացանք։
Իսկ երբ կրկին հարցում արինք՝ աչքից հանկարծ արցունք հոսեց,
«Ես չգիտեմ, հանգիստ թողեք»,— այսքան միայն լեզուն խոսեց։

1148 Ու նստեցինք նրան մոտիկ, սկսեցի՛նք լալ, արտասվել,
Եվ զղջացինք մեր ասածին, էլ ի՞նչ կարող էինք անել.
Աղերսեցինք հանգստանա, լռեց հազիվ ու մեղմացավ,
Մրգեր ինչ-ինչ մատուցեցինք, սակայն ուտել չցանկացավ։

1149 Ուսենն ասաց. «Սրա տեսքից անցան-կորան վշտերն իմ բյուր,
Արևարժան այս այտերին ափսոս չէ՞ մարդ հպի համբույր։
Պատժված է հարյուր անգամ, ով որ սրան դեռ չի տեսել,
Աստված որդոցն իմ կոտորի՝ թե նրանց եմ գերադասել»։

1150 Նայում էինք նրան երկար, հառաչանքով վերադարձանք,
Թե հրճում էր տեսնել նրան—անջատվելը՝ մեծ տառապանք:
Թողած մեր գործն առուտուրի՝ գնում էինք նրան այցի,
Սրտերը մեր անդառնալի գերին էին նրա ցանցի։

1151 Անցավ որոշ մի ժամանակ, անցան ցերեկ ու գիշերներ,
Ուսենն ասաց. «Թագավորին չեմ այցելել վաղուց ի վեր.
Խորհուրդ թե տաս՝ կերթամ այցի, ներկայանամ, տանեմ նվեր»,
Ասի. «Վկա ինքը աստված, ցանկությունը լինի թող ձեր»։

1152 Ուսենն առավ մատուցարան — լի մարգարիտ ու ակնեղեն,
Ես խնդրեցի. «Այնտեղ հարբած դրանիկներ կպատահեն,
Թաղես դու ինձ՝ աղջկա մասին՝ թե բերանից դու խոսք հանես»
Կրկին երդվեց. «Գլուխս անգամ թրով կտրեն՝ չեմ ասի ես»։

1153 Գնաց Ուսենն այնտեղ տեսավ—խնջույքի էր նստել արքան,—
Նա բարեկամն էր արքայի, նրա սրտի ուզա՜ծն այնքան,—
Ընծան առավ և ընդունեց ու տեղ տվեց իրա մոտին
Բայց, արի տես, թե ի՛նչ արեց՝ հարբած, ճարպիկ վաճառորդին։