Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1138 Իմ տան մեջ այն չնաշխարհիկն ապրեց այդպես լացով դեռ շատ,
Քաշվում էի մարդուս պատմել, չընծաեցի նրան հավատ,
Թե պատմեի, անպիտանն այդ գուցե պատմեր արքունիքում։
Մտնում էի, թե դուրս գալիս—այդպես էի իմ մեջ խորհում։

1139 Իսկ թե չասեմ, ինչպե՞ս անեմ, ինչպե՞ս մենակ օգնեմ նրան,
Ոչ գիտեմ՝ ի՛նչ է անհրաժեշտ, ոչ մարդ գիտեմ՝ գա օգնության.
Եթե ծածկեմ, ինձ կմորթի՝ Ուսենն եթե ինքն իմանա.
Ինչպե՞ս ծածկեմ լույսը ես այն, արևի՛ն է հար ու նման։

1140 Կրակն, ավաղ, այրում էր ինձ, սակաւն մենակ ես ի՞նչ անեմ.
Որոշեցի մարդուս պատմել—չմեղանչել Ուսենի դեմ,
Երդում թող տա՝ որ ոչ ոքի նա չի պատմի՝ խոսք տա հաստատ,
Չի կորցնի նա իր հոգին և կպահի երդումն անխախտ։

1141 Մենակ մտա Ուսենի մոտ, կատակ արի, գուրգուրեցի,
Ու դիմեցի ապա նրան. «Մի բան կասեմ, բայց խոստացիր,
Որ չես ասի ոչ մի հոգու, պիտի հաստատ իմ դեմ երդվես»։
Սարսափելի երդում տվեց. «Անձս ժայռին խփած տեսնես։

1142 Ինչ էլ պատմես՝ մինչև, ի մահ չի իմանա մի մարդ անգամ.
Ոչ ծերունի, ոչ պատանի, ոչ թշնամի, ոչ բարեկամ»։
Եվ պատմեցի նրան ամեն, ասի խղճմիտ իմ ամուսնուն.
«Արի, հիմա տես դու նրան՝ արևի է որ նմանում»։

1143 Ինձ հետ եկավ և անցկացանք, դուռը բացինք այն սենյակի,
Ուսենն ապշեց և շփոթվեց — ցոլքը տեսավ արեգակի.
Ասաց. «Այս ի՞նչ բան ցույց տվիր, արդյոք ո՞վ է կամ ի՞նչ նյութից
Թե սա լինի մի հողեղեն՝ աստված զրկե ինձ աչքերից»։

1144 Ասի. «Ոչ էլ ինքս գիտեմ՝ հողեղեն է թե ծնունդով,
Եվ չգիտեմ ես ավելին, քան քեզ ասի արդեն խոսքով,
Եկ, երկուսով հարցում անենք՝ ինչո՞ւ է նա դարձել այդպես,
Շա՜տ աղաչենք, գուցե՝ խղճա, գուցե մի բան պատմի նա մեզ»։

1145 Պատկառանքով մենք մոտեցանք և դիմեցինք հարգոյաբար,
Ասինք նրան. «Ով արեգակ, մեզ այրեցիր հրով քո վառ.
Պատմիր դու մեզ՝ դալուկ լուսնիդ արդյոք այդ ի՞նչ ճար պիտի տալ,
Ինչո՞ւ ես դու դարձել քրքում, դու, որ մի օր եղել ես լալ»։