Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1178 Երկարում էր խնճույքը դեռ, խմում էին, երկար խմում,
Աղջիկը բա՛խտն էր անիծում. «Ինչո՞ւ ես, բա՛խտ, ինձ սպանում,
Ես որտեղից որտե՞ղ հասա, ո՞ւմ ձեռքն ընկա՛ ո՞ւմ սիրելով,
Ես ի՞նչ անեմ, ես ի՞նչ լինեմ՝ կյանքն այս ծանր ես ապրելու»։

1179 Կրկին ասաց. «Չեմ թոշնեցնի գեղեցկությունն իմ վարդագույն.
Կպայքարեմ և աստուծով՝ գուցե հաղթեմ իմ թշնամուն.
Մահից առաջ ինքը իրեն՝ ո՞ր բանականն է սպանում։
Երբ նեղության մեջ է ընկնում—խելոքի խե՛լքն է երևում»։

1180 Ծառաներին իր մոտ կանչեց, հրամայեց, «Լավ հասկացեք,
Խաբվել եք դուք և սխալվել, զուր ինձ պահել մի՛ ցանկացեք.
Սխալ է ձեր տերը, որ ինձ՝ հարս կարգել է նա փափագում,
Ջուր ինձ համար փող ու կոչնակ և նոբա է նա նվագում։

1181 Անպետք եմ ես՝ ձեզ թագուհի, ուրիշ է իմ ընտրած ուղին,
Ես չեմ ուզում ձեր քաջարի և արևի դեմքով նոճին։
Մի պահանջեք ուրիշ մի գործ, տարված եմ ես ուրիշ գործով
Եվ կյանք վարել ձեր շրջանում՝ հարմար չէ՛ ինձ, ո՛չ իմ սրտով։

1182 Ես կսպանեմ ինձ անպատճառ և կխփեմ սրտիս դանակ.
Եվ կպատմի ձեր տերը ձեզ ու կմեռնեք աննպատակ,
Բարին այն է՝ գանձս տամ ձեզ, ինչ ես ունեմ—դուք բաժանեք
Եվ ինձ թողնեք, որ ես փախչեմ, թե չէ հետո՝ կփոշմանեք»։

1183 Գոտին քանդեց, հանեց ակներն ու մարգարիտ մեջքին կապած,
Առավ գլխից թագն իր փայլուն՝ ամբողջովին լալից տաշած.–
Տվեց, ասաց. «Ես ջերմաջերմ—աղաչում եմ, որ ընդունեք,
Ինձ բաց թողեք, ձեր աստծու վրա դուք պա՛րտք պիտի դնեք»։

1184 Ագահաբար գրավվեցին նրանք տեսքով տեսած գանձի,
Եվ մոռացան ահն արքայի, ինչպես չնչին, հանց մի գզրի,
Ու փախցնել որոշեցին այն աննման գեղեցկուհուն.—
Սատանայի գայիսոնն այդ, ոսկին, տեսե՛ք, ի՜նչ է անում։

1185 Ոսկին իրեն սիրողներին ուրախության չի հասցնում,
Ու մինչ ի մահ ագահությունն՝ ատամներ է կրճտացնում,
Ոսկին ինքը ելումտում՝ դժգոհ ագահն իր վիճակից —
Հողի հետ է հոգին կապում, վերև թռչել՝ թույլ չի տալիս։