1170
Նա չէր լսում թագավորին, ինչ հարցեր էլ կուզեր նա տար.
Ուրիշ կողմ էր սիրտը նրա, ուրիշ մտքեր՝ նրան սատար,
Վարդի թերթերն իրար հպել, գոհար-բերանն իր չէր բացում,
Ովքեր տեսնում՝ ապշում էին—ո՞վ գիտե՝ ով ի՛նչ էր կարծում։
1171
Ու դիմում է ապա արքան. «Այս առեղծվածն ինչպե՞ս բանամ,
Երկու կարծիք միայն ունեմ, և չի կարող լինել այլ բան.
Սիրահար է նա կամ մեկի — սիրածին է իր լոկ հիշում,
Լոկ նրանով միտքը տարված և ոչ ոքի հետ չի խոսում։
1172
Իմաստուն է և կամ սա մի, ինքը՝ վերին, վերևն ապրում,
Ոչ խնդրանքն է սրան շարժում, ոչ էլ վիշտը վրան ազդում.
Դժբախտություն, երջանկություն՝ սրա համար հեքիաթ է մի,
Ուրիշ վայրեր, այլուր թռչում՝ միտքը նրա հանց աղավնի։
1173
Աստված տա և մեզ մոտ դառնա որդիս ուրախ, հաղթանակով,
Նրան հանձնեմ արևը այս, որ կպահեմ գորովանքով,
Գուցե սրան խոսել տա նա, և մեզ համար պարզվի մի բան,
Մինչ այդ՝ իբրև գունատ լուսին, թող արևից մնա բաժան»։
1174
Արքայորդին, պիտի ասեմ՝ կտրիճ, բարի, երիտասարդ,
Անզուգական՝ վարք ու բարքով, դեմքով, մարմնով իրոք մի զարդ,
Հեռու՝ կռվի՛ էր գնացել, մնում էր դեռ կռվի դաշտում։
Հայրն արևի պես աղջկան՝ նրա համա՛ր էր պատրաստում։
1175
Եվ զգեցին նուրբ կերպասով, շքեղ զգեստ գեղանկար,
Եվ զգեստին փայլում էին՝ ակներն ինչպես աստղերը վառ,
Գլխին դրին ամբողջովին լալից տաշած թագ աննման,
Ջինջ բյուրեղի ցոլքերի մեջ — փայլում էր վա՛րդն անզուգական։
1176
Արքան ասաց. «Մահի՛ճ զարդեք՝ հարմար ու գեղ արքայական»
Դրին այնտեղ մաքուր ոսկուց ձուլած մի թախտ մաղրիբական.
Հենց ինքն ելավ զորեղ արքան, տերն այդ ամբողջ ապարանքի՝
Թախտի վրա դրեց արփուն՝ ներկաներին խինդ զարմանքի։
1177
Ինը ծառա,— ասաց,— կանգնեն իբրև պահակ նրա դռան,
Ապա նստեց նա խնճույքի՝ արքաների միայն արժան.
Ուսենին ճոխ պարգև տվեց, արևի տեղ՝ ի հատուցում,
Իսկ հանդեսին մեծ շուք տալով կոչնակ ու փող էին թնդում։