1194
Նրան ամեն բան պատմեցի՝ կնոջ նման, հիմարի պես,
Ինչպես արևն՝ ինձ մոտ եկավ և ծլկվեց՝ ինչպես աղվես։
Նա սպառնաց, որ կմատնի, ոխերիմ էր և ոչ սիրող,
Այժմ արդեն մեռած է նա, ազատվեցի, ո՛ւֆ, ինչ հաջող։
1195
Սպառնում էր նա ինձ իսկույն, փոքր ինչ ինձնից թե նեղանար,
Այսօր ինձ մոտ քեզ կանչեցի, չգիտեի, պիտի թե գար,
Եկել էր ու ասել՝ կգա, ես վախեցա՝ դու էլ կգաս.—
Ուստի չգալ քեզ խնդրեցի և ճամփեցի քեղ մոտ ծառաս։
1196
Բայց դու եկար, ետ չդարձար, դու շո՛ղք բերիր ինձ քո լույսով․
Հանդիպեցիք այստեղ իրար, ընդհարվեցիք իմ պատճառով.
Սարսափեցի ուստի և ես, ոչինչ էլ ինձ ճար չէր անում,
Իմ մահը նա ոչ թե լեզվով, ամբողջ սրտով էր ցանկանում։
1197
Թե սպանած չլինեիր՝ պալատ կերթար նա անպատճառ
Եվ կպատմեր ամեն մի բան՝ թե զայրացած, թե խանդավառ.
Արքան խռով՝ ինձ կջնջեր ու կավերեր տնով-տեղով
Աստված, որդո՛ցն իմ կուտեցներ, քարկոծ կաներ ապա քարով։
1198
Ազատեցիր դու ինձ օձի հետամտող հայացքներից,
Քեգ, փոխարեն, աստված թող տա՝ շնորհն այն վեր իմ ուժերից,
Այնուհետև՝ ինձ երանի և իմ աստղին, ճակատգրին,
Հե՜յ-հե՜յ, մահից չեմ վախենում, արժանացա ես իմ բախտին»։
1199
Կտրիճն ասաց. «Մի վախենար, գրքի մեջ էլ գրված է այդ,
Որ թշնամի-բարեկամը թշնամուց էլ լինում է վատ,
Իմաստուն է մարդս եթե — նա ոչ ոքի չի հավատա,
էլ նրանից մի վախենա, արդեն անշարժ դիակ է նա։
1200
Ասա նաև՝ այնուհետև, երբ աղջկան ուղարկեցիր,
էլ ի՞նչ գիտես նրա մասին, ի՞նչ լուր ուրիշ դու լսեցիր»։
Եվ Ֆաթմանը արտասվելով պատմությունն իր շարունակեց,
Ասաց. «Չկա՝ այն լուսատուն, որ շողշողաց արևի պես»։