ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ՝ ՔԱՋՔԵՐԻՑ ԳԵՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1201
Ասաց. «Վայ բախտ, քո նենգությամբ՝ սատանային ես նմանում,
Սակայն ոչ ոք չի հասկանում, թե քո դավերն ուր են հասնում.
Արեգակի պես էակին ո՞ւր չիք արիր, ո՞ւր է արդ նա,
Տեսնում եմ ես՝ վերջն աշխարհում՝ ամենն անտեր պիտի մնա։
1202
Հեռու գնաց արևն ինձնից, ամբողջ երկրի այն լուսատուն,
Հեռու գնաց իմ ձեռք բերած՝ իմ կյանքը և իմ գոյություն.
Ու ինձ անվերջ այնուհետև այրում է հուրն անշիջելի,
Ա՜խ, անկարո՛ղ եղա կտրել արտասուքը իմ աչքերի։
1203
Զավակ և տուն ես ատեցի, նստում էի տխուր, տրտում,
Հիշում էի նրան արթուն՝ նիրհում էի, թե կիսաքուն.
Եվ Ուսենն այն երդմնազանց, թվում էր ինձ պիղծ, անհավատ,
Չէի թողնում նրան մոտիկ, պիղծ էր դարձել, անհարազատ։
1204
Սակայն մի օր, արևը երբ մայր էր մտնում երեկոյան,
Պատահական անցա այնուստ՝ դուռը տեսա ասպնջատան.
Մտաբերում էի նրան, վիշտն էր նրա ինձ հոշոտում,
«Թող անիծվի երդումն,— ասի,— տված ամեն տղամարդու»։
1205
Մոտիկ եկավ պանդուխտ մի ճորտ և նրա հետ՝ երեք ընկեր,
Ճորտը հագած ճորտի նման, երեքը՝ պարզ ճամփի շորեր.
Խմիչք բերին և ուտելիք, գնած, ճարած մեր քաղաքում,
Ուտում, խմում էին նրանք, խոսում էին և կատակում։