1214
Արշալույս է, ասին ոմանք, ոմանք էլ թե՝ իրոք լուսին.
Ու դիմեցինք ամենս այն կողմ, շուրջը նրա բոլորեցին։
Հեռվից էինք դեռ պտտվում, ու մոտեցանք՝ տեսնենք նրան,
Հանկարծ պայծառ լույսի միջից՝ մեզ է դիմում ահա մի ձայն։
1215
Ասաց. «Ո՞վ եք, ձիավորնե՛ր, ձեր անուններն,— ասաց,— ասեք,
Գուլանշարյան դեսպանն եմ ես, Քաջեթ կերթամ, հեռո՛ւ կացեք»։
Այս լսելով՝ հուպ մոտեցանք, բոլորեցինք իր շուրջն օղակ.
Եվ ինչ տեսնենք՝ նա էր հեծվոր — մի լուսերես ինչ որ էակ։
1216
Նայում էինք՝ լույսն երեսին, փայլում էր նա ինչպես փայլակ,
Փռում շողեր իր շուրջն ամեն, փռում որպես մի արեգակ։
Սակավ–սակավ մեզ հետ խոսում, և խոսում էր նա շատ կամաց,
Սաթե երկար թարթիչներին՝ ատամների լույսն էր ընկած։
1217
Զգույշ նորից արևի հետ՝ քաղցրալեզու մենք խոսեցինք։
Բայց կեղծում էր՝ այր չէր հարկավ, մենք այդ իսկույն նկատեցինք
Աղջիկ էր նա՝ Ռոշաքն զգաց, կանգնեց կողքին, նստած ձիան,
Մենք սիրտ արինք, որոշեցինք՝ բաց չթողնել ձեռքից նրան։
1218
Նորեն ասինք. «ճիշտը պատմիր, գլխիդ անցածն ասա դու մեզ,
Ո՞վ ես, ո՞ւմն ես, ուստի՞ կուգաս, մութ փարատող ո՛վ լուսերես»։
Ջերմ արցունքի աղբյուր թափեց ու չտվեց մեզ պատասխան.
Որքան լուսինն է խղճսլի՝ երբ օձն է ժանտ բռնում նրան։
1219
Նա ոչ հայտնի բանից խոսեց և ոչ գաղտնի մի բան ասաց,
Նա մեզ ոչինչ, ոչինչ չասաց՝ ո՞վ էր և կամ՝ ումից խաբված,
Մռայլ էր ու բիրտ վարմունքով, իրեն զսպել էր աշխատում.
Ինչպես մի օձ, որ նայողին՝ իր աչքերո՛վ է վախ ազդում։
1220
Ռոշաքն ասաց. «Թե չի ուզում՝ էլ հարց մի տաք, տերը վկա,
Այստեղ ինչ-որ օտարոտի և պատմելու դժվար բան կա.
Մեր արքայի բախտը միշտ էլ նախանձելի է ամենքին,
Աստված էլի կտա նրան՝ ինչ չքնաղ է և ինչ անգին։
1221
Աստված սրան մեզ ուղարկեց, որ մենք մեզ հետ տանենք նրան,
Հանց արմաղան թե որ տանենք՝ գոհ կմնա իրոք արքան։
Թե թաքցնենք՝ կհայտնվի, զի արքան է խիստ ու համառ,
Նախ՝ նրա դեմ կմեղանչենք, ամոթ ապա՝ այդ մեզ համար»։