Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1222 Եվ հավանած այս խորհուրդին՝ նրա հանդեպ չառարկեցինք,
Իսկ աղջիկն այդ մեզ հետ առած, դարձանք Քաջեթ մենք դիմեցինք,
Անկարգ մի խոսք ասել նրան, ձեռք տալ—մենք սիրտ չէինք անում.
Մինչ լալիս էր նա թախծալի, արցունքն այտերն էր լվանում։

1223 Ասի ապա Ռոշաքին ես. «Ինձ արձակիր, շուտ կդառնամ.
Ես մի քանի գործեր ունեմ, Գուլանշարո պիտի գնամ»։
Նա արձակեց — այստեղ ինչ–որ գանձեղեններ ունեմ պահած,
Հետս այնտեղ պիտի տանեմ, ընկերներիս հասնեմ մեկնած»։

1224 Ու պատմությունն արած ճորտի շատ դուր եկավ լսողներին,
Ցամքեց կարծես և վերջ տվեց արցունքի հորդ առուներին։
Նշաններից ես հասկացա՝ ով էր գերված—ճանաչեցի,
Եվ մի չնչին դրամի չափ ուրախություն գեթ զգացի։

1225 Ինձ մոտ բերի ես այն ճորտին, մոտս առա, ասի՝ նստիր,
«Պատմիր նորից,— ասի նրան,— ես էլ լսեմ, ինչ պատմեցիր»։
Ինչ ես արդեն լսել էի, նույն պատմությունն արավ կրկին,
Եվ ես նորից կենդանացա, կենդանացավ իմ հեգ հոգին։

1226 Երկու սև ճորտ ես ունեի՝ կախարդությամբ լիակատար,
Նրանք գնում, գալիս էին՝ միշտ աներևույթ ու միշտ ճարտար։
Ասի. «Քաջե՛ր, ձեզ կուղարկեմ, այլևս այստեղ մի հապաղեք,
Հնարքը ձեր գործի դրած՝ նրա լուրը դուք ինձ բերեք»։

1227 Երեք օրում արդեն եկան, ճամփան կտրած վաղվաղակի,
Թե՝ հանձնեցին թագավորին՝ ծովի այն կողմ պիտի ճամփի,
Ոք չի հառել աչքը նրան, անկար՝ ինչպես արեգակին,
Փեսացու է նրա համար նշված Ռոսան այն պատանին։

1228 «Ռոսանի հետ ամուսնացնենք»— Դուլարդուխտն է հրամայել,
«Բայց պսակել վաղ է տակավ, իմ սուգը դեռ չի վերջացել,
Երբ ետ դառնամ—ինձ հարս կանեմ արեգակին այս երկնարժան»։
Ու պահում է ամրոցի մեջ, և ծառայք են հսկում նրան։

1229 Կախարդության գիտակ մարդկանց հավաքել է իր հետ տարել,
Որ թշնամին անզոր լինի ճանապարհին թակարդ լարել։
Ու Քաջեթում թողել է նա մարտիկների լոկ անվեհեր,
Նա կուշանա․ մեկնած օրից՝ քիչ ժամանա՜կ է անցել դեռ։