Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԱԹՄԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻՆ

1258 Գրեց այսպես. «Ով լուսատու, արև համայն տիեզերքի,
Այրող, հուզող քեզնից հեռու եղողներից ամեն մեկի,
Ճարտարախոս, շնորհալի, քաղցրալեզու, դեմքով պայծառ,
Անզուգական ու ներդաշնակ լալ ու բյուրեղ լցված իրար։

1259 Չտվեցիր թեև դու ինձ և ոչ մի լուր, տեղեկություն,
Բայց առանց քեզ՝ ես իմացա, գտա վշտիս թեթևություն.
Լուր տուր հիմա Տարիելին, խենթացել է որ քեզ համար,
Նա վարդ դառնա, դու՝ մանուշակ—ու՝ երկուսով գտնեք իրար։

1260 Դուրս է եկել քեզ փնտրելու նրա երդվյալ եղբայրն արի,
Ավթանդիլը խիզախ արաբ՝ պարծանքն ամբողջ Արաբիայի․
Սպարապետն այն անբասիր մեծ թագավոր Ռոստևանի,
Սպասում ենք ազատ, խելոք ու գովելի պատասխանի։

1261 Ուղարկում ենք մենք այս գործով մեր այս ճորտին ահա քեզ մոտ,
Լուր տուր դու մեզ Քաջաստանից՝ վերադարձա՞ն քաջքերն արդյոք։
Քաջաստանի մարտիկների մանրակրկիտ թիվը տուր մեզ—
Թե ո՞վ է պետն արդյոք նրանց, թե պահում են ովքե՞ր անդ քեզ։

1262 Ինչ կա այդտեղ և ինչ գիտես՝ տեղյակ պահիր մեզ ամեն բան,
Այնուհետև քո սիրածին հղիր քեզնից դու մի նշան—
Մինչև այժմյան վշտերը քո կվերածվեն ուրախության.
Աստված կտա՝ սիրող սրտերն՝ իրար կրկին կմիանան»։