Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԵՍՏԱՆ-ԴՍՐԵՋԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՖԱԹՄԱՆԻՆ

1272 «Գրում եմ քեզ, խաթուն, իմ մա՛յր՝ դու հարազատ մորից ավել,
Տես թե աշխարհն ինձ՝ իր գերուն, ինչ ցավ ու տանջա՛նք է տվել,
Հին վշտերիս վրա մի նոր վիշտ էլ, ավա՜ղ, ավելացավ,
Այսօր տեսա նամակը քո, սիրտն իմ հույսի շող ստացավ։

1273 Երկու անգամ փրկել ես ինձ երկու խոշոր վտանգներից,
Հիմա այստեղ եմ ենթարկվել խիստ կայանքի ես քաջքերից,
Ռազմիկներով մի պետության ինձ են հսկում բյուրեր միայն,
Եվ ես ինչի ձգտում էի՝ խորտակվեցին, իզուր եղան։

1274 Իսկ այստեղի գրությունից շատ բան չունեմ ես գրելու.
Թագուհին չի վերադարձել, քաջքերն էլ շուտ չեն դառնալու,
Սակայն անթիվ քաջ զինվորներ պահում են ինձ հսկումի տակ,
Ի՞նչ կարիք կա ինձ փնտրելու, զի այդ զուր է, անհետևանք։

1275 Ինձ որոնողն է զուր հոգնել, զուր է ճամփա կտրել երկար,
Զուր այրվում իմ կրակով, թափում է ճիգ նա ինձ համար,
Արդյոք տեսե՞լ է արևին, ախ, չի՞ սառել նա դեռ արդյոք,
Ավաղ, իմ կյանքն առանց նրա՝ դարձել է ինչ խեղճ ու անոգ։

1276 Մի ժամանակ ես ծածկեցի, չպատմեցի քեզ իմ մասին՝
Անզոր էր իմ լեզուն խոսել ու գլուխս՝ տրված հոգսին,
Աղաչում եմ՝ խնդրիր նրան՝ իմ սիրելուն, որ ինձ գթա,
Գրիր՝ չգա ինձ փնտրելու, թող վտանգի գլուխ չտա։