Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ՍԻՐԵՑՑԱԼԻՆ

1279 Ապա գրեց սիրեցյալին՝ սրտամորմոք հեկեկալով,
ԵՎ իր սրտի մեջ բորբոքված բոցն էր մեղմում նա արցունքով,
Գրեց նամակ մի սրտահույզ, սիրտը խոցող կարդացողի։
Վարդն էր ճղում ու բաց անում՝ թափանցիկ շարն անդ բյուրեղի։

1280 «Ով սիրելի, նամակն իմ այս դողդոջ ձեռով ես գրեցի,
Մարմինը իմ գրիչ արի, արյամբ ես իմ թաթախեցի,
Սիրտս սրտիդ հետ միացած՝ թուղթ արի, որ՝ գրեմ վրան,
Սիրտ իմ, սև սիրտ, կապված ես դու, մի արձակվիր, հպիր նրան։

1281 Տեսնում ես դու, ով սիրելի, թե չար աշխարհն ի՛նչ է անում.
Որքան լույսն է ինձ լույս տալիս՝ նույնքան թաղված ես խավարում,
Գիտեն աշխարհն իմաստուններն — և համարում ճի՛շտ անարժան,
Կյանքս առանց քեզ, վա՛յ ինձ և վա՛յ. որքա՜ն է ծանր, որքա՜ն դաժան։

1282 Տեսնում ես դու, իմ սիրելի, աշխարհն ինչպե՛ս մեզ անջատեց,
Չարժանացա՝ մի օր տեսնեմ՝ խնդության մեջ թե ինձ, թե քեզ,
Ախ, ինչ անի՝ քեզնից զրկուն սիրտը իմ հեգ՝ տեգով խոցված,
Արդյոք կյանքի գաղտնիքն այս խոր՝ բացե՞ց միտքը քո բանիմաց։

1283 Արևը քո՝ մինչև հիմա՝ քեզ կենդանի չէի կարծում.
Կարծում էի՝ իմ կյանքն ու ուժն՝ արդեն չկան, չէի ապրում,
Երբ լսեցի հիմա, որ կաս, ես աստծուն փառք հղեցի
Եվ մինչ այսօր կրած իմ վիշտն ուրախության հետ կշռեցի։