Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1292 Արևն առանց քեզ չի լինի, մասն ես նրա անտարակույս,
Հարկավ նրա մոտ կլինես, մոլորակն ես նրա՝ առյուծ.
Այնտեղ տեսնեմ՝ մոտ ու մոտիկ, սիրտն իմ քեզնից լույս ստանա,-
Թե դառն անցավ կյանքս, ավաղ, գոնե մահն իմ քաղցր դառնա։

1293 Քանի որ քեզ տվի հոգիս՝ էլ ի՛նչ ծանր մահն ինձ համար,
Սերդ սրտիս մեջ է թաղված և կմնա այնտեղ անմար.
Ու բաժանումն, ա՜խ, հիշելով՝ նոր ցավ դնում ցավոտ հոգուս,
Սակայն մի լար, մի ողբա ինձ, իմ լավ, իմ լավ, ի սեր սիրուս։

1294 Գնա, անցիր դու Հնդկաստան, իմ ծնողին տուր օգնություն,
Նեղված է շատ ամեն կողմից՝ ոսոխների շրջապատում,
Մխիթարիր սիրտը նրա՝ իմ կորչելուն թող հաշտ նայի,
Հիշիր և ինձ, որ քեզ համար՝ արցունք թափում, ես կուլայի։

1295 Բավ է սակայն, ինչ իմ բախտից դժգոհ եղա, գանգատ արի.
Զգա՝ ինչու բողոքն արդար՝ սրտից սրտի՜ն է միշտ գալի։
Քանի դեռ կամ՝ պիտի ես լամ և տառապեմ երկար-երկար,
Ու քեզ համար մեռնեմ, դառնամ՝ նյութ ագռավի կռանչի համար։

1296 Քո խավունի կտորն ահա հղում եմ քեզ իբրև նշան.
Ես կտրել եմ նրա ծայրից՝ պահիր քեզ մոտ դու էլ նրան,
Ու փայփայած քո հույսերին փոխարինող սա կմնա,
Ախ, զայրույթով դարձավ մեր կողմ դաժան անիվն յոթերկնյա»։

1297 Երբ Դարեջանն իր սիրելուն ուղղած նամակն այս ավարտեց,
Խավունների մեկի եզրից նա մի փոքրիկ կտոր կտրեց։
Երբ բաց արավ գլուխն ապա՝ հալվի նուրբ բույրը տեղաց՝
Երկար ու հաստ խոպոպներից՝ ագռավի սև թևով բերած։

1298 Եվ ճուտն ելավ շտապ բերդից, Գուլանշարո իսկույն դիմեց,
Օրեր չանցան, այլ ակնթարթ՝ Ֆաթմանի մոտ նա հայտնվեց։
Ավթանդիլը արդեն հասակ՝ ինչ որոնեց՝ նպատակին —
Ձեռնատարած երկինք դիմեց և փառք տվեց տիրոջ կամքին։

1299 Ու Ֆաթմանին այսպես ասաց, «Հիմա հասա իմ բաղձանքին.
Ինչով պիտի հատուցանեմ՝ փոխարեն քո արած ջանքին,
Կերթամ, մնալ էլ չեմ կարող, լրանում է տարին արդեն —
Այն քաջքերի կործանողին գնամ շտապ Քաջեթ բերեմ»։