Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1300 Խաթունն ասաց. «Առյուծ, կրակն ինձ այրելու է ավելի,
Անպատվելով լուսատուից, սիրտն իմ խավար պիտի լինի,
Իմ պատճառով մի ուշանա, խենթն ավելի կխենթանա.
Դժվար է շատ մտնել Քաջեթ, քաջքերը թե շուտ ետ դառնան»։

1301 Կանչեց կտրիճն իր հետ եկած ծառաներին Նուրադինի,
Ասաց նրանց. «Մեռած էինք, կենդանացանք արդեն հիմի.
Մեզ ինչ պետք էր՝ արդեն գիտենք ու լսելով ուրախացանք,
Իսկ մեր թշվառ ոսոխների վերքերն հիմա՛ մենք ցույց կտանք։

1302 Ասեք դուք ձեր թագավորին, ինչ-որ այստեղ արդ իմացաք,
Ես չեմ կարող նրան տեսնել, պիտի ճամփաս կտրեմ արագ,
Թող հնչեցնե կանչն ավելի ահեղաձայն, սարսափահար,
Ձեզ եմ տալիս ինչ խլեցի ուրիշներից իբրև ավար։

1303 Սակայն ունեմ ես պարտք մի մեծ, որ դուք դրել եք իմ վզին.
Այլ կերպ դուք այդ ետ կստանաք, երբ կտեսնեք ձեր արքային.
Ինչ խլել եմ ես հեներից՝ ձեզ եմ թողնում, առեք, տարեք,
Բայց ավելի տալ չեմ կարող, դուք ինձ ժլատ մի՛ համարեք։

1304 Տուն չունեմ մոտ և ոչ պարգև բաժանելու ունեմ հնար»։
Տվեց նրանց, մեծաքանակ ապրանքով լի ամբողջ մի նավ,
Ասաց. «Տարե՛ք, մեկն՛եք արդեն, եկած ճամփով ուղևորվեք,
Իսկ այս նամակն երդվյալ եղբոր՝ Ֆրիդոնին անձամբ տվեք»։