Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

88 Միտքն ուրիշ տե՛ղ էր այդ պահին, գլուխն ուրիշ հոգսո՛վ էր լի,
Հրամանն իր թագավորի ճորտը կրկնեց, ասաց էլի,
Չդադարեց բայց նա լալուց, ոչ ասածից մի բան լսեց,
Ոչ էլ վարդը՝ փնջի միջից՝ իրեն նազուկ շուրթը բացեց։

89 Ու պատասխան չստանալով՝ ճորտը դարձավ և զեկուցեց.
«Ինչպես որ ես ըմբռնեցի՝ նա ձեզ լսել, արքա, չուզեց։
Արևի պես աչքս շլեց, սիրտս հուզեց է՛լ առավել,
Կարող չեղա, այսքան երկար, նրան գեթ մի խոսքի՛ բռնել»։

90 Շատ զարմացավ արքան այնժամ և՛ վրդովվեց, և՛ բռնկեց,
Մոտին կանգնած իր ճորտերից տասներկուսին ոտքի հանեց.
«Առեք,— ասաց,— զենք ու զրահ, պատրաստ որպես դուք ի մարտի,
Գնացեք ա՜ստ բերեք ինձ մոտ՝ ով նստած է ափին գետի»։

91 Ճորտերն արագ գետը անցան․ լսվեց շուտով զենքի շառաչ․
Այնժամ միայն նա սթափվեց՝ կտրիճ լացող դառնահառաչ։
Շրջեց հայա՛ցքը չորս բոլոր, տեսավ՝ թե զորք, թե զորական
Լոկ մի անգամ «Վայ ինձ» ասաց, չարտասանեց մի խոսք անգամ։

92 Ու մեկնեցին ձեռներն իրենց, որ բռնությամբ գոնե տարվեր,
Բայց նա նրանց այնպես արավ, որ թշնամի՛ն իսկ կցավեր,
Իրար զարկեց, ձեռներն արձակ, գլուխները կոտոր եղան,
Որին ձողեց իր մտրակով՝ մահու բերան տվեց նրան։

93 Զեռքը քսե՛ց իր աչքերին, սրբեց արցո՛ւնքը հորդածոր,
Պրկեց հագին սուր ու կապարն, պարզեց բազուկն իր զորավոր.
Հեծավ իր ձին ու ճորտերի ոչ մի խոսքին չուզեց անսալ
Եվ անհաղորդ նրանց հոգսին՝ ինքն ուրիշ կողմ ուզեց գնալ։

94 Արքան հուզվեց ու զայրացավ «հետապնդնլ,— ասաց,— հարկավ»,
Իսկ հետապինդ մարդկանց քաջը ոչ նայե՛ց ու ոչ էլ տեսավ։
Բայց ով հասավ՝ իսկույն նրան հավասարեց մեռելներին
Մարդը մարդո՜ւն զարկեց ամուր ու պատճառեց վիշտ արքային։

95 Հեծան արքան ու Ավթանդիլ՝ փութով հասնեն այն կտրիճին,
Գնում էր նա հպարտ ու վեհ, օրորվելով ձիու մեջքին․
Հանց հրեղե՜ն էր նրա ձին, տերը՝ արև՝ լույս էր տալիս։
Եվ նա զգաց, որ ետևից արքան ինքն է փութով գալիս։