Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

96 Եվ մտրակեց ձիուն իրա, երբ նկատեց նա արքային,
Ու չքացավ ակնթարթում — անտես եղավ նա մեր աչքին.
Կարծես մտավ սանդարամետ և կամ երկի՛նք նա համբարձավ,
Փնտրում էին, բայց չգտան, թե որ ճամփով նա անց կացավ։

97 Ու փնտրեցին հետքը նրա և զարմացան, որ չգտան․
Մարդու հետքի կորչելն այդպես՝ դևի հետք էր՝ հար ու նման։
Ողբո՛ւմ էր զորքն ընկածներին, շտապ վերքե՛րն էին կապում․
Արքան ասաց. «Ուրախ կյանքիս ահա վախճան եկավ տրտում։

98 Արդ բարկացավ աստված ինքը իմ այս վարած կյանքիս հանդեպ,
Ուստի փոխեց նա դառնությամբ հրճվանքի՛ս օրերն անդեպ․
Ինձ այնպիսի մի վերք տվեց, որ չի բուժվի մինչև ի մահ,
Բայց գոհություն նորին աստծո, այս էր հարկավ կամքը նրա»։

99 Այսպես ահա խոսեց արքան ու խիստ խոժոռ վերադարձավ,
Որսախաղին չմասնակցեց և հառաչանքն ավելացավ,
Ու քայքայվեց հանդեսը ողջ, էլ մարդ չկար որսի մնա․
Ոմանք տրտում էին երկնից, ոմանք ասում․ «Արդար է նա»։

100 Արքան մտավ իր ննջարան, սիրտը կոտրած և հույժ տրտում․
Լոկ Ավթանդի՛լն էր նրա հետ, որ հավասա՛ր էր իր որդուն։
Ու ցրվեցին բոլոր մարդիկ, տանեցիք իսկ հավատք չկան,
Կարկամեցին թե՛ խրախճանք, թե՛ քաղցրահունչ չա՛նգ-չաղանան։

101 Հոր տխրության լուրը շուտով հասավ չքնաղ Թինաթինին.
Ու մրցակիցն արեգակի՝ շո՛ւտ մոտեցավ իր սենյակին։
«Սենեկապե՛տ,— ձայնեց դուստրը,— քնած է, թե՞ հայրս արթուն»
Նա զեկուցեց. «Արթուն է նա, գույնը թռած ու հույժ տրտում։

102 Լոկ Ավթանդի՛լն է նրա մոտ մի աթոռի վրա նստած,—
Ինչ-որ օտար կտրիճ տեսել և դրանից է մռայլված»։
Աղջիկն ասաց․ «Ներս չեմ մտնի, մտնելու չէ պատեհ հիմա,
Եթե հարցնի՝ դու զեկուցիր, որ քիչ առաջ այստեղ եկա»։

103 Հարցում արեց արքան քիչ անց. «Աղջիկս արդյոք ի՞նչ է անում՝
Իմ խնդություն, իմ գոհարը, իմ կենսատու աղբյուրն անհուն»։
Սենեկապե՛տը զեկուցեց. «Եկավ հենց նոր նա այլայլուն,
Լսեց՝ տխուր ես դու, արքա՛դ, գնաց՝ հետո նորեն գալու»։