1470
Ավթանդիլը, ծնկի գալով, պաղատում էր Տարիելին,
Գրկում էր ոտն ու համբուրում, չէր իսկ նայում մեջքից վերին,
«Հերիք է ինչ մեղանչեցի արքայիս դեմ անցյալ տարի.
Հավատարիմ վարքը դրժող և կործանող մի՛ արարի։
1471
Այն, ինչ դու ես արդ ցանկանում՝ չի թույլ տալիս աստված այդպես.
Սնուցողիս ո՞նց ես դրժեմ, հանդգնանամ կամ ես ինչպես,
Ով ինձ համար գույն է գցել՝ նրա դեմ ձեռք ինչպե՞ս շարժեմ,
Ինչպե՞ս պիտի թուր բարձրացնի՝ ճորտը, ասա, տիրոջն իր դեմ։
1472
Սիրելուս մեջ այդ գործն անգամ դժգոհություն կառաջացնի
Վայ ինձ, եթե նա բարկանա և կամ դառնա մռայլ դժնի,
Նա լուր չի տա ինձ իր մասին, ու կմնամ կարոտ նրան,
Եվ ոչ մի մարդ ինձ չի օգնի, չի նպաստի մեղքիս ներման»։
1473
Մինչ Տարիելն ասաց ժպտուն, լուսապայծառ արփի որպես,
Ավթանդիլի ձեռից բռնեց, բարձրացրեց, ասաց այսպես.
«Կատարել եմ քեզ հետ մեկտեղ ամեն լավ բան՝ քո օգնությամբ,
Բայց լավ է, որ խնդանքիս հետ՝ դու էլ խնդաս քո խնդությամբ։
1474
Դուր չի գալիս ինձ ավելորդ քաշված, վախվոր տեսնել եղբոր,
Լինել մեծմիտ ու մտածկոտ կամ միշտ մռայլ տեսնեմ թե որ,
Բարեկամ է ով ինձ սրտանց — թող մի փոքր էլ իրար զիջենք,
Թե չէ՝ ես ինձ, նա իր համար, լավ է որ մենք բաժան լինենք։
1475
Գիտեմ՝ սիրտը քո սիրածի քեզ համար է խփում հիմա,
Թե երկուսով մենք հյուր գնանք՝ հաստատ գիտեմ՝ չի նեղանա։
Ինչո՞ւ պետք է արքայի հետ ակնարկներով, երկմիտ խոսեմ,
Երբ տեսնելուն նրանց սրտով վաղուց-վաղուց ես կերազեմ։
1476
Նրան միայն ես այս կասեմ՝ ակնածաբար աղաչելով—
Որ աղջկան քեզ տա նա իր և տա իրա բարի կամքով։
Թե միանաք պիտի վերջում—ինչո՞ւ եք զուր էլ ձգձգում,
Զարդարեցեք դուք իրարու, մենակ ինչո՞ւ դուք թառամում»։
1477
Ավթանդիլը երբ համոզվեց, որ գնալուն չի խանգարի,
Չարեց իզուր էլ համառում, չուզեց նրան հակաճառի.
Մինչ Ֆրիդոնն ընտրում մարդկանց՝ պատգամում էր երթին հարմար,
Ինքը պիտի նրանց առներ՝ հերոսների հետ ընթանար։