Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1462 Գնա և տուր Տարելին ինչ քեզ ասի հանց պատասխան,
Ասա. «Արքա, ի՞նչ հատուցում, կարեկից էլ լինես որքան,
Ծնվել եմ ես իմ մոր փորից՝ ծառա լինեմ ձեզ ամեն օր,
Թող ձեր ոտի փոշին լինեմ՝ մինչ դուք՝ արքա՛ եք փառավոր։

1463 Ասել ես թե. «Կուզեմ հասնի ու միանա իր սիրածին»,
Վայելուչ է այդ կարեկից ու զգայուն ձեր մեծ սրտին։
Բայց այդ հարցում իմ թուրն է բութ, ճարտար լեզուն իմ ընդհատուն,
Լավ է նստեմ և սպասեմ, տեսնեմ աստված ինչ է վճռում։

1464 Ինչ եմ ահա թե մտադիր և թե ի՛նչ եմ ես ցանկանում՝
Տեսնելը քեզ արքայական գահին բազմած Հնդկաստանում,
Կողքիդ լինի քո լուսատուն իր երեսով ճառագայթող,
Ոսոխներիդ բնաջնջես, մարդ չմնա քո դեմ կռվող:

1465 Երբ կատարվեն այս իմ սրտի բաղձանքները լի-լիովին,
Այնժամ կերթամ Արաբստան՝ ու արևիս քով ի քովին,
Երբ ցանկանա՝ թող նա մարի՝ սրտիս կպած այս իմ քուրան,
Ես չեմ կեղծում և կամ ձեզնից՝ էլ չեմ ուզում ուրիշ մի բան»։

1466 Ու երբ Ֆրիդոնն Ավթանդիլի այս խոսքերը նրան հայտնեց,
«Համաձայն չեմ ես նրա հետ,— Տարիելը պատասխանեց,—
Ինչպես որ նա գտավ միջոց ինձ նոր հոգի ներշնչելու—
Այնպես և իր եղբոր սիրտը՝ նրա համար է լինելու։

1467 Գնա՛, ասա՜ դու իմ կողմից խոսքը ահա իմ սրտաբուխ.
«Մինչ չեմ տեսնի քո սնողին—ես հանգիստ չեմ՝ ուշ թե կանուխ,
Նրա սիրած ճորտաց բազում կարծեմ՝ ես եմ կոտոր արել,
Ու թողություն երբ կխնդրեմ—կարող եմ ինձ մխիթարել»:

1468 Այսպես ասա. «էլ միջնորդներ չեն հարկավոր մեզ այսուհետ.
Գործս կիսատ ես չեմ թողնի, ոչ կգցեմ գործը իս ետ.
Արաբների արքան, գիտեմ, խոսքս իզուր չի կոտրելու,
Ակնածելով ես նրանից — աղջիկն ի քեզ եմ խնդրելու»։

1469 Պատմեց Ֆրիդոնն Ավթանդիլին Տարիելի խոսքերն այսպես.
«Տարիելը չի սպասի, զուր մի խնդրի, չի զիջի քեզ»։
Դժվար թվաց Ավթանդիլին, սիրտը նորից բոցավառվեց.—
Թագավորից պարտ է՝ քաշվես ու հանց ծառա՝ միշտ պատկառես: