Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1491 Ինձ տեսնելով, հիշեք թե որ, դուք նեղացաք ոտքիդ հողից,
Վատ էր՝ գերել դուք ուզեցիք, ձիով ընկնել իմ հետևից.
Ես ցույց տվի զինվորներիդ նշաններն իմ դժգոհության,
Եվ շատ ճորտեր կոտորեցի՝ ծառայողներ արքունական։

1492 Արդ ձեզ մոտ եմ ինքս գալիս՝ թողած երթի ուրիշ ճամփան —
Որ դուք ներեք հանցանքը իմ, վերջ տաք իմ դեմ ձեր վրդովման։
Նվեր չունեմ ես ձեզ տալու, վկա Ֆրիդոնն իր ծառայոք,
Սակայն բերի Ավթանդիլին՝ որպես նվեր բավ չէ՞ արդյոք»։

1493 Ու երբ գնաց ավետաբերն, Ռոստևանին լուրն այս հասավ,
Ոչ մի լեզվով չի պատմվի՝ որքան արքան ուրախացավ.
Թինաթինի ամեն մի այտն եռապատիկ փայլ էր առել,
Ստվերն հոնքի և թարթիչի՝ բյուրեղն ու լալն էր զարդարել։

1494 Թնդաց փողը ու ձայն լսվեց համատարած ուրախության,
Զորքերն շտապ շրջակայից՝ վազում էին՝ հասնեն որ գան.
Բերում էին՝ ձիեր հեծնեն, հարմարեցնում սարք ու թամքեր,
Շատ սրտապինդ, արագաթև կտրիճ հեծավ ձի անվեհեր։

1495 Արքան հեծավ, ամբողջ զորքով, վզրուկներով առաջ գնաց,
Ով լսել էր՝ գալիս էին — ամեն կողմից նրանց դիմաց,
Եվ բարձրաձայն բացականչում, ամենը փառք աստծուն տալիս
Գոչում. «Ահա չարը գնաց, ու բարին է առ մեզ գալիս»։

1496 Երբ հանդիպողք երկու կողմանց, իրար արդեն նկատեցին,
Ավթանդիլը կամաց ասաց իր հոգեղբայր Տարիելին.
«Դու տեսնո՞ւմ ես դաշտերը այս, փոշիո՛վ են որ ներկվել—
Այստեղ է սիրտն իմ հրդեհվել, այստեղ վառվել ու շղթայվել։

1497 Խնամատարն իմ արդ եկել՝ ձեզ է այստեղ դիմավորում,
Ես չեմ կարող այնտեղ գնալ, իմ սրտի հուրն է ինձ այրում,
Մի շնչավոր անգամ ինձ պես ամոթահար դեռ չի եղել,
Թե ինչ կանեք՝ այդ դուք գիտեք, Նուրադինին, քե՛զ եմ թողել»։

1498 Եվ Տարիելն ասաց, «Լավ է, ակնածում ես որ տիրոջից,
Այստեղ մնա, ինձ հետ մի գար, մենակ հարմար է ամենից,
Կերթամ, կասեմ թագավորին, որ նրանից կթաքնվես,
Ու հուսով եմ՝ հալվեակազմ արեգակիդ նորից տեսնես»։