Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1499 Մնաց առյուծ Ավթանդիլը, այնտեղ փոքրիկ վրան խփեց։
Եվ Դարեջանն այնտեղ մնաց՝ իր նայողին գերեց, ղյութեց.
Թարթիչներից հով էր փչում, կարծես զեփյուռ մի հարավի,
Հնդկաց արքան գնաց ի տես—ու ոչ թաքուն նա հիրավի։

1500 Ֆրիդոն արքան էր նրա հետ, անցնում էին տափաստանով,
Արքան տեսավ Տարիելին՝ եղեգներեր իր իրանով.
Իջավ ձիուց, գլուխ տվեց այն կորովի առյուծ մարդուն,
Հարգեց պետին Հնդկաստանի, հայրը ինչպես իր իսկ որդուն։

1501 Գլուխ տվեց և Տարիելն, առաջ գնաց՝ սալամ տալու.
Ու պարանոցն արքան պաչեց՝ հանց շուրթերն իր քաղցրացնելու,
Չքաշվելով ու նրանից՝ ասում էր նա զարմանք կտրած.
«Արև ես դու, քեզնից անջատ — օրն իսկ գիշե՛ր է մթամած»։

1502 Զարմացել էր նա, թե ինչքան սիրո՛ւն էր նա և հաճելի,
Ապշած նայում նրա դեմքին, բազուկներին կորովալի.
Եվ ողջունեց Ֆրիդոնն ապա, գլուխ տվեց նա արքային,
Արքային, որ չէր համբերում՝ երբ կտեսնի Ավթանդիլին։

1503 Գովասանքից Տարիելի արքան դարձել էր շփոթված,
Տարիելը ասաց. «Արքա, սիրտս քեզ է հպատակված.
Ինչո՞ւ եք դուք հրճվում ինձնով՝ ես դրան եմ շատ զարմանում—
Քանի որ քոնն է Ավթանդիլն՝ ինչպե՞ս այլ մարդ դու հավանում։

1504 Մի զարմանա, որ չես տեսնում նրան ինձ հետ առժամանակ։
Արի, նստենք այստեղ, արքա՛, ախորժելի այս ծառի տակ,
Ես զեկուցեմ՝ թե նա ինչու՝ չեկավ ինձ հետ ձեզ մոտ հիմա,
Ես ձեր առաջ խնդիր ունեմ, խնդրում եմ ինձ՝ տվեք ֆարման»։

1505 Եվ արքաներն այնտեղ նստած, նրանց շուրջ զորքն էր բոլորում,
Տարիելի դեմքը ուժգին՝ քան կանթեղի՝ լուսավորում.
Խելքից հանում էր տեսնողին՝ նիստ ու կացով, խոսքով ճարտար,
Եվ նա խոսեց արքայի հետ՝ գեղեցկախոս, իմաստնաբար։

1506 Ասաց. «Արքա, անարժան եմ՝ ինքս իմ աչքին՝ զեկուցելու,
Բայց եկել եմ այսօր ձեզ մոտ՝ խնդիրք ունեմ ձեզ դիմելու.
Խնդրում է նո՛ւյնն ինձ հետ և նա, ով արևի լույս է սփռում,
Նա՝ ով ինձ է և՛ լույս տալիս, և՛ արշալույս նա ինձ բերում։