Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1507 Այս ենք խնդրում մենք երկուսով՝ աղաչալից պաղատանքով.
Ինձ Ավթանդիլն արեց բուժում՝ իր ձիգ, երկար դեգերանքով.
Նա մոռացավ նույն ցավն իրա, տառապեցի ինչով և ես,
Չեմ ձանձրացնի՝ երկար է այն, ինչ փորձել ենք, առել ի տես։

1508 Ավթանդիլն ու աղջիկը ձեր իրար սիրում են սրտագին,
Ու հիշում եմ այն թշվառին՝ գունատ դեմքով, արցունքն աչքին,
Աղաչում եմ արդ ծնկաչոք՝ էլ մի նետեք նրան դուք հուր,
Նրան տվեք աղջիկը ձեր, ում կուրծքն է ժայռ, բազուկն ամուր։

1509 Ես ավելին չեմ հանդգնի՝ կարճ կամ երկար՝ էլ չեմ խոսի»։
Ապա հանեց նա թաշկինակն ու փաթաթեց իրեն վզին,
Ու վեր կացավ՝ նա ծնկաչոք՝ սնուցողի հանց աղերսեց,
Շատ զարմացավ ամեն մի մարդ, ով այս տեսավ և ով լսեց։

1510 Ու երբ տեսավ Տարիելին՝ ծնկի եկած–նա շփոթվեց,
Ետ-ետ գնաց, գլուխ տալով՝ մինչև գետին նա խոնարհվեց,
Ասաց. «Ահա, ո՜վ տիրակալ, խինդս ամբողջ տվիր քամուն,
Այդքան նվաստ տեսնելն արդ ձեզ՝ ինձ վիշտ տվեց նոր ու անհուն։

1511 Ինչպե՞ս, ասա, կպատշաճի՝ բաղձաս ու մարդ չկատարի,
Անգամ եթե իմ աղջկան ուզես մորթել, տանել գերի,
Չէի լա ես և այն դեպքում, թե տանեիր քեզ աղախին.
Ո՞ւր կգտնի նմանն ուրիշ՝ թռչի թեկուզ ինքը երկին։

1512 Լավ փեսացու քան Ավթանդիլն, կարո՞ղ եմ ես այլուր ճարել։
Հանձնե՜լ եմ գահս իմ աղջկան՝ այդ նրան է հիմա վայել.
Ծերացավ իմ ծաղիկն արդեն, նոր է բացվում վարդը միայն,
Համաձայն է թե նա սրտով՝ դեմ չեմ լինի երբեք նրան։

1513 Եթե անգամ ճորտիդ տայիք՝ այդ դեպքում էլ չէի զղջա,
Ով կարող է ձեզ դեմ լինել և ո՞վ ձեր դեմ կտրտնջա,
Թե չեմ սիրում Ավթանդիլին—ինչո՞ւ եմ ես կարոտ նրան —
Ես աստուծու առաջ կասեմ՝ համաձայն եմ իրոք դրան»։

1514 Ու խոսքե՜րը երբ այս լսեց Տարիելը թագավորից—
Շատ գոհ եղավ և կռացավ, խոնարհ գլուխ տվեց նորից։
Արքան նույնպես գլուխ տվեց, առաջ եկավ, մոտիկացան,
Շնորհակալ եղան իրար և իրարից ո՜չ նեղացան։