Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ՈԻ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

1565 Տարիելն ու կինը նրա հասան իրենց նպատակին—
Դժվարամերձ և խնդավայր՝ յոթ պետության բարձր գահին.
Մոռացվեցին խինդով արդի զրկանքները վաղուց կրած,
Խինդը հաճո մարդ չի զգա—թե տանջանք չի՛ եղել տեսած։

1566 Տեսեք, նստած իրար կողքի՝ գեղ չե՞ն երկուսն—արևը քան,
Փող փչեցին, զարկին թմբկաց, գահ բազմեցին արքայական,
Եվ բանալին գանձարանի տվին նրանց, արին խոստում,
«Սա է ահա, մեր թագավորն»,— ասում էին, զվարթ ոստում։

1567 Ու գահ դրին՝ բազմեն երկուս—թե Ավթանդիլ, թե Ֆրիդոն,
Եվ բազմեցին արքայաբար,— ու մեծարում արին և ձոն,
Չի արարել աստված ուրիշ նրանց նման այլ արարած,
Պատմում էին ամեն մեկին՝ նեղություններն իրենց կրած։

1568 Ու շատացան հյուրերն եկած—է՛լ կերուխում ու խնդացին,
Ինչպես հարկ էր հարսանիքի՝ այնպես հանդես կատարեցին,
Իսկ երկուսն այն մեկը-մեկին՝ արժե նվեր էին ձոնում,
Աղքատներին առատ-առատ ողորմություն բաժին հանում։

1569 Համայն հնդիկք Ավթանդիլից, Ֆրիդոնից շատ գոհ եղան —
«Ձեր շնորհի՜վ ենք բախտավոր»,— ասում էին միաբերան,
Նայում ինչպես իրենց տիրոջ, ինչ կամենար — այն կատարում
Եվ շարունակ՝ ի ասուլիս, գալիս նրանց ներկայանում։