1570
Եվ Ասմաթին հավատարիմ դիմեց մի օր արքան Հնդկաց.
«Ինչ ինձ արիր, սան-սնուցող՝ երբեք իրար չէին արած.
Հնդկաց երկրի մեկը յոթից՝ արդ քեզ կտամ իբրև բաժին,
Դու կբազմես և քաղցրությամբ՝ պատրաստ եղիր մեր սպասին։
1571
Ում հետ կուզես՝ ամուսնացիր, երկիրը քո վարիր դու հաշտ,
Եղիր դու մեզ միշտ անձնվեր և ծառայիր մեզ համերաշխ»։
Նա իր տիրոջ ոտն համբուրեց. «Ուժս է,— ասաց,— քո մեջ միայն.
Քեզ ճորտ լինել—լավն ավելի ի՞նչ կգտնեմ, ի՞նչ կունենամ»։
1572
Եղբայրները երեք երդվյալ մի քանի օր այդպես կեցան,
Ընծա կալան բազում-բազում և ուրախ ու զվարճացան,
Ի՜նչ մարգարիտ անզուգական, ի՜նչ նժույգներ ընտրելագույն.
Ավթանդիլի դեմքը, սակայն, ինչ-որ թախիծ էր քողարկում։
1573
Տարիելը կարծեց, ահա, թե նա կնոջն է կարոտում,
Ասաց նրան. «Հարկավ քո սիրտն՝ ինձ շատ ու շատ է նախատում,
Այժմ, ավա՛ղ, թախիծը քո, միտքս ամբողջ հափշտակեց.
Դե՚հ, բաժանվենք, բախտը, հարկավ, խինդս տեսավ՝ նախանձ շարժեց»։
1574
Ֆրիդոնն ապա հրաժեշտ տվեց, ասաց. «Ես էլ գնամ իմ տուն,
Սակայն հաճախ ես պիտ այցեմ քո պալատ ու քո տիրություն,
Ինչ պատվիրես կամ ցանկանաս, ինչպես ավագն իր կրտսերին,
Այնպես սիրով ես կբաղձամ՝ եղնիկն ինչպես աղբյուր-ջրին»։
1575
Հրովարտակ տվեց նաև. «Գնա, անցիր դու՛ տուն ու տեղ,
Չմոռանաս սակայն և ինձ, շուտով արի նորեն այստեղ»,
Ավթանդիլին դիմեց ապա. «Առանց քեզ ո՞նց ուրախանամ,
Շտապում ես բայց քանզի դու՝ գնա՛, առյո՛ւծ, լուսնիդ խնամ»։
1576
Գեղեցկարար թիկնոց ղրկեց Ռոստևանի համար նվեր,
Սպասք նաև հղկած ակնի, ոչ թե գդալ, կամ չամչաներ.
Ասաց նրան. «Տար իմ կողմից, պետք չէ իզուր հակառակես»։
Ավթանդիլը պատասխանեց. «Ինչպե՞ս ապրեմ առանց ես քեզ»։
1577
Դարեջանն էլ քրոջն հղեց մեկ ղաբաչա և մեկ խավուն,
Ուրիշ մի մարդ արժանի չէր որոնց հագնել ու ծածկելուն,
Ու տանողին տվեց մեկ ակ՝ չասի, թե «զուր ես ջանք արի»։
Ակ որ՝ գիշե՛րն էր երևում, արևի լո՛ւյս ուներ կարի։