պոեմը ամբողջական է ոչ միայն այն ձևով, ինչ ձևով դուրս է եկել հեղինակի և նրա համահանճար շարունակողների գրչի տակից, այլ և այնպես, ինչպես ապրել է պոեմը վրաց ժողովրդի գեղարվեստական ըմբռնողության մեջ, սերնդեսերունդ մասսայական էսթետիկ ապրումներ է ծնեցրել նրա սրտում, թանգարժեք գանձ է դարձել նրա համար։ Եվ երբ «Ընձենավոր» ռոմանտիկ պոեմին մոտենում ես այսպիսի մի զուտ-գեղարվեստական չափանիշով, ապա առջևդ ծառանում է միաձույլ մի կերտվածք, ուստի և թարգմանել պոեմը պետք է ամբողջովին, առանց բացերի և տեղափոխումների, վերացնելով միայն տեխնիկական թերությունները, որ առաջ են եկել գրչադիրների անփութությունից կամ տգիտությունից։ Ահա, ըստ երևույթին այդպես էր Տերյանը, որպես Շոթայի թարգմանիչ, հասկացել իր անելիքը։
Բայց անկասկած Տերյանը մտադիր է եղել օգտագործել այն ամենը, ինչ ձեռք է բերել գիտությունը պոեմի տարբեր ընթերցվածքների պարզաբանության հետևանքով և ինչ մինչև օրս բոլորովին զանց էր առնվում նույնիսկ այդ խնդրում շահագրգռված հրատարակիչների կողմից։ Այսպես, օրինակ, հայ ընթերցողին չի հրամցվում ըստ սովորականի անիմաստ մի թարգմանություն հետևյալ աղճատված ընթերցվածքի՝ მინა რხეული «մինա ռխեուլի»—դողացող մինա, այլ Շոթայի անեղծ արտահայտության՝ ნია რხეული «նիա ռխեուլի» ճշգրիտ և գեղարվեստական արտացոլումը-դողդոջն եղեգ։
Բայց ընդհանուր առմամբ պոեմի ներածական տաղերը Տերյանը մտադիր է եղել թարգմանել ոչ թե ըստ իմ վերականգնած տեքստի, այլ տրադիցիոն խմբագրությամբ, որը սրբագործված է միայն ընտիր գնահատողների շրջանում, այլ և շրջելով ժողովրդի մեջ բազում տասնամյակների, դարերի ընթացքում։ Համակերպ այդ մասսայական ընթերցողի ըմբռնման, որ դարձել է ազգային-համավրացական՝ Տերյանը թարգմանում է նաև չորրորդ տունը, որը որոշիչ նշանակություն ունի՝ հասկանալու համար այն տեղն ու նշանակությունը, որ ինքը Շոթան տալիս է պոեմին՝ իր հարաբերությունների մեջ Թամար թագուհու հետ։ Այդ քառյակի մեջ միանգամայն պարզ խոսվում է մի երգի մասին, որ շարադրել է քերթողը ի գովեստ Թամարի բնատուր գեղեցկության, հետևապես խոսքը ներբողների մասին է՝ արդյոք ա՞յն ներբողների, որ հասել են մեզ Չախրուխաձեի անվամբ, թե՞ այլ — այս պարագայում դա էական նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ այդ քառյակի բովանդակությունը չի կարելի հասկանալ այն իմաստով, իբր Շոթան հենց այս ռոմանտիկ պոեմով է ներբող երգում ի գովեստ Թամարի գեղեցկության։ Բայց այդպես է հասկացել իրականում այդ տունը ողջ ընթերցող մասսան։ Եվ հավատարիմ իր միտումին՝ թարգմանել երկը այնպես, ինչպես որ կա և ինչպես կենցաղի մեջ հասկացել են այն՝ Տերյանը խուսափում է անվիճելի և բանասիրորեն հաստատված մեկնությունից և թարգմանում է անանցական ձևով: