Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ գործ ունեմ գիտական ստեղծագործող աշխատավոր դառնալու կատարելապես ընդունակ սքանչելի մի նյութի հետ։

— Պրոֆեսոր,— ասաց ինձ Տերյանը զրույցի վերջում,— այս քննության ես եկա, որպեսզի ինքս համոզվեմ՝ առաջադի՞մել եմ արդյոք, թերևս ձեզ էլ ապացուցեմ, որ եկել եմ Պետերբուրգ իրոք սովորելու համար։ Եվ այնու հանդերձ Տերյանը ավելի պոետ էր, քան գիտնական, և մեսխեթցի քերթող Ռուսթավցի Շոթայի «Ընձենավորի» թարգմանությանը նա ձեռնարկել է որպես մի պոետ՝ միանգամայն հրաժարվելով ընկալել այն գիտական լուսաբանությունը, որին, սակայն, ինքը բավական չափով տեղյակ էր։ Եվ իրավացի էր։ Շոթայի երկի գիտական քննությունը դեռևս նախնական փորձերն է անում՝ պարզելու գրվածքի այն կերպարանքը, որ նա ուներ, երբ դուրս եկավ «մի ոմն մեսխեթցու» (ვინპე მესხი «վինմե մեսխի») գրչի տակից։ Նոր-նոր հիմք է դրվում հարազատ և ոչ-հարազատ մասերի զատման և դասավորման համար։ Բայց և այն ժամանակ, երբ այդ գործը կատարված կլինի անաղարտորեն, արդյոք դրանից կշահի՞ այդ երկը, որպես գեղարվեստական ամբողջություն։ Հարկավ, մեզ համար ավելի հասկանալի կդառնա պոեմը, նրա առանձին մասերը և բնորոշ առանձնահատկությունները, բայց ամբողջական կերտվածը մենք այլևս չենք տեսնի։ Գիտնականները կհատանեն հետին ժամանակների շերտերի կեղևը և կմնան միայն Շոթայի ստեղծագործության ուլունքի բուն և իսկական մարգարիտները, բայց մարգարիտների ամբողջ ուլունքը, մարգարտաշար ստեղծագործություն ամբողջապես, ինչպես որ մտմտում էր կերտել և կերտեց Շոթան, չէ՞ որ մենք չենք տեսնի։ Մերժված այն մասերը, որոնք հաճախակի լցնում էին բնագիր տաղերի անհետացման հետևանքով մնացած բացերը, գիտնականները ոչնչով չեն փոխարինի։ Գիտնականները իրենց ավերիչ վերլուծումով անկարող են վերականգնել Շոթայի կորուսված պատկերները։ Այնինչ՝ «Ընձենավորի» սկզբնական կազմի մնացորդի վրա շերտավորված մասերը կրում են իրենց մեջ Ռուսթավցուն համահանճար ստեղծագործության կնիք և երբեմն դժվար է լինում սահմանաբաժան գիծ անցկացնել նրանց միջև. բացի տաղանդից, որ հաճախակի մեծ չափով հատուկ է նաև այդ հետին շերտերի հեղինակներին, սրանց և Շոթայի տաղերի համանմանության մեջ մեծ դեր է կատարում այն, որ նրանք ապրում էին միևնույն կուլտուր-պատմական միջավայրի կյանքով, պատկերում էին աշխարհը միևնույն եղանակներով և գծերով։ Հետին շերտերի ավելի խորը տարված վերլուծումը, ճիշտ է, բացահայտում է երբեմն բնագրողից տարբեր աշխարհահայացքը, բայց մի՞թե հենց անհատ մտածողը չի ունենում երկատման վայրկյաններ։ Եվ, վերջապես, երբ նշանավոր մի հուշարձանի վրա կամ հենց իր մեջը գոյություն ունեն ակնհայտորեն այլ դարաշրջանների տարրեր, մի՞թե դրանից կերտվածքի գեղարվեստական ամբողջությունը տուժում է, այլ ոչ թե շահում։ Շոթա Ռուսթավցու