Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասակարգային մի մատենագիր է։ Որպես գեղեցիկ խոսքի վարպետ՝ նա համավրացի է. ծնվել է իբրև այդպիսին և առավել ևս այդպիսին է դարձել իր իսկ ստեղծագործության շնորհիվ։ Այն հանգամանքը, որ հայերենը գերազանցորեն հարմարավոր է վրաց պոետի մտքերն ու պատկերները արտահայտելու համար, նպաստում է Տերյանին վրացական տերմինները թարգմանելիս երբեմն օգտագործել հայկական բառեր, որոնք ավելի ցայտուն կերպով են բացահայտում արտահայտված գաղափարի այն երանգը, որը Շոթան կամեցել է հաղորդել իր գործածած վրացական բառին, քան այդ գտնում ենք վրացական բնագրի մեջ։ Ահա այդպիսի մի օրինակ․ Տերյանր օգտագործում է հայկական «արքա» բառը, երբ հարկ կա արտահայտելու միջնադարյան գաղափարը թագավորի անձի սրբազնության մասին։ Հասկանալի է, որ Տերյանը ընտրությունը «թագավոր» և «արքա» բառերի միջև կատարել է ոչ թե գիտական նկատառումով, այլ հարազատ բառերը բնազդմամբ ըմբռնելու ունակությամբ, մասամբ էլ գուցե տաղաչափական նկատառումներով։ Բայց փաստն այն է, որ հայկական «արքա» բառի սկզբնական նշանակությունն է՝ «մոգ», «քուրմ-գահակալ», մինչդեռ վրացական ხელბწიფე «խելմծիփե» բառը, որ գործ է ածում Շոթան, նշանակում է՝ «իշխանավոր», տառացի՝ ձեռնհաս։

Նա, Տերյանը, ստրուկ չէ, երբ թարգման է Շոթայի․ նա ազատ արվեստագետ է իր թարգմանության ոճի ստեղծագործող, բայց այդ հաջողվում է անել առանց բնագիրը աղճատելու հատկապես այն պատճառով, որ նա գրում է հայ լեզվով։ Այդ բացահայտվում է, օրինակ, վրացական «միջնուր» տերմինի թարգմանության մեջ. բառն ինքը արաբական ծագում ունի, սակայն վրացիների բերանում ստացել է հատուկ կենցաղային նշանակություն՝ «կաթոգին սիրով կապված բարեկամ», բայց միաժամանակ պահպանել է, այդ է վկայում գոնե ինքը Շոթան, արաբական բառի սկզբնական նշանակությունը ևս՝ «դևով («միջ») բռնված, այսահար»։ Թարգմանելիս Տերյանը բառիս առաջին նշանակությամբ օգտագործում է հայերի մեջ ժողովրդական դարձած պարսկական «յար» բառը (պարսկերեն՝ յար), երկրորդ նշանակությամբ — վերին աստիճանի հետաքրքրական ձևով կազմված զուտ հայկական «սիրահար» բառը։ Հետաքրքրականն այն է, որ այդ բառի մեջ շերտավորված է նախապատմական շրջանի ժողովրդական հոգեբանության լեզվական ստեղծագործությունը․ այդ շրջանում «սերը», ինչպես առհասարակ ամեն մի «հիվանդություն», «տկարություն», պատկերացվում էր որպես աստվածային, ավելի ուշ դիվային ուժից հասած փորձություն։ Տառացիորեն «սիրահար» նշանակում է՝ «սիրո դևից հարված ստացած անձ»։ Բառակազմությունը նույնն է՝ ինչ որ «այսահար»բառի մեջ։ Հետաքրքրական է հիշել, որ արաբացիք ևս սերը համարում են հիվանդություն։

Հարկավ օգտագործելու համար թե հայ ժողովրդի լեզվական միջոցները և