Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե վրաց ժողովրդի հետ ունեցած հոգեբանական ազգակցությունը, որն ավելի ևս խորացվել է Կովկասի պատմական կուլտուրայի միևնույն ոլորտի մեջ դարավոր կենակցելուց — այնպես, ինչպես, մենք այդ տեսնում և լսում ենք Տերյանի գունեղ և քաղցրալուր թարգմանության մեջ, անհրաժեշտ էր ունակ լինել խորապես զգալու մայրենի լեզուն և անմիջականորեն թափանցելու վրաց բանաստեղծի ոգու և ձևերի մեջ, որին նպաստում էր նաև միևնույն մեսխաց երկրի ծնունդ և բնիկ լինելը։ Այդ ունակությունները թարգմանության ընթացքի մեջ, ըստ երևույթին, ուժգնանում էին և ավելի ևս պիտի խորանային, եթե ինքը այդ գործը ընդհատված չլիներ ըստ ավանդության օրհասական թիվը կրող — տասնևերեքերորդ քառյակի շեմքին։

Եվ հենց այստեղ, թարգմանված վերջին, տասնևերկուերորդ քառյակի օրինակից ակնբախ կերպով կարելի է գաղափար հանել, թե որչափ բարեխղճորեն էր աշխատում Տերյանը՝ իր աչքում բավարար թարգմանություն տալու համար։ Տասնևերկուերորդ քառյակի թարգմանության երեք տարբեր փորձերը, որ հասել են մեր ձեռքը, միանգամայն պարզ հաստատում են, որ ինքը թարգմանիչը դեռևս բավարարված չէր։

Եվ կորուստի կսկիծը առավել ևս հիվանդագին է զգացվում, երբ աչքիդ առջև գծագրվում է հնարավորությունը, այժմ հավիտենականության գրկում ընդմիշտ կորած հնարավորությունը՝ ունենալ հայերենի այդչափ վարպետորեն վերածված այն լավագույնը, ինչին իր գրական ստեղծագործության մեջ ընդունակ եղավ հասնել հարևան ժողովուրդը։ Եվ մի՞թե թախծով չպիտի համակվի ամեն մի սիրտ, որ ընդունակ է ցավելու մարդկության և մարդկայնության մասին Կովկասում, երբ մինչև իսկ այդչափ բացառիկ գրական մի կոթողի համար հիմա է միայն ստեղծվում, սկսում էր ստեղծվել ճշմարիտ ուղին՝ մի դրացի ժողովրդի հաղորդակից դարձնելու մյուս դրացի ժողովրդի ստեղծագործական ամենաբարձր նվաճումին։— Եվ այդ ուղին այնպես անժամանակ հատավ։

Թող կենդանի մնա հիշատակը նրա, ով պայծառ մի լուսամուտ բացեց դեպի այդ ուղին։

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ

Ռուսերենից թարգմանեց՝ Լ. ՔԱԼԱՆԹԱՐ