168
Երբ որ նամակն այս ավարտեց այն քաղցրախոս շնորհալին.
Պանդխտությա՛ն նա պատրաստվեց, մեջքին կապեց ոսկե գոտին։
Ասաց. «Դաշտո՛ւմ ես կհեծնեմ»։ Զորքը կարգի եկավ նույնպես,
Տանն աննշան մի պահ մնաց ու դուրս եկավ անմիջապես։
169
Ասաց. «Դուք ե՛տ դարձեք ամեն, ինձ օգնական չէ հարկավոր»։
Հեռու վանեց ծառաներին, առաջ գնաց նա մենավոր,
Գլուխը շո՛ւռ տվեց ձիու, եղեգնուտով սուրաց անցավ,
Իսկ միտքն իսկույն իրեն այրող Թինաթինի մո՛տ սլացավ։
170
Ու արշավե՛ց դաշտի միջով, զորքի աչքից նա հեռացավ։
Ոչ ոք նրան չհետևեց, և ոչ մի շունչ նրան տեսավ.
Ում չէր կարող սուր իսկ խոցել՝ արդ զոհ դարձավ նա կամավոր,
Ուսեց վիշտը նրա տված՝ վիշտը այրո՛ղ ու փառավոր։
171
Զորքն ավարտեց որսը իրա, աչքը տիրոջ կողմը նետեց —
Էլ չգտավ արեգներես՝ դեմքն ամենի նոր գունատվեց,
Մեծ հանդիսին ուրախության սուգը փոխեց՝ պատող զորաց,
Դես-դեն ընկան որոնելու—ով ձի անգամ չուներ թամըած։
172
«Աստված էլ ո՞ւմ կարգի, առյուծ, մեզ տիրակալ քո փոխարեն»,—
Ասում էին ու հարց տալիս, կպչում իրար, փնտրում նորեն։
Բայց չիմացան թե ինչ եղավ կամ ուր կտրեց ճամփան իրա,
Աղի արցունք հեղեց գետին վշտագալար զորքը նրա։
173
Ու Շերմադինն այնժամ կանչեց ավագանո՛ւն, դրանիկներին.
Եվ ցույց տվեց թուղթը նա այն, տեղյակ պահեց գրածներին։
Ով որ լսեց, տվեց գլխին, մնաց սրտով ծանր խոցած,
Ոչ ոք չկար ցամաք աչքով, չկար մարմին չկապտացած։
174
«Թեկուզ և մեզ,— միձայնեցին,— շատ է դժվար առանց նրան,
Քեզնից բացի էլ ո՞ւմ նա տար գահ ու աթոռ ամիրության,
Հնազանդ ենք ուստի արդ քեզ՝ հրամայես ում կամ ինչով»,
Ծառային տեր նրանք արին, խոնարհվեցին նրան հերթով։