163
Գրեց այսպես. «Իմ կտրիճներ խնամատար ու խնամած.
Հավատարիմ, վստահելի ու փորձանքում բազում փորձած,
Իմ իղձերին դուք հետամուտ, ստվերի պես ինձ հետևող,
Լսեք արդ իմ նամակը դուք՝ ինձ լսելու ի մի ժողով։
164
Ձեր ոտի հո՜ղ Ավթանդիլը՝ լսեք ինչ եմ ես ձեզ գրում
Իմ սեփական ձեռով գրած ու ձեզ ուղղած իմ այս գրում.
Վճռել եմ ես առժամանակ փախչել երգից, խրախճանքից
Եվ կեր ճարել իմ մեծ մատով և աղեղովն իմ ուղեկից։
165
Նվիրական մի պարտք ունեմ, պետք է որ այն ես կատարեմ,
Մենակ մնամ ամբողջ տարին՝ իբրև պանդուխտ ես թափառեմ
Պարտ եմ դնում և աղերսում,— թե արժան եմ դարձի՝ արե՛ք՝
Երկիրը ո՛ղջ տեսնեմ նորից, ինձ ողջությամբ դիմավորեք։
166
Թողնում եմ ես իմ փոխարեն, որ տեր լինի՝ Շերմադինին,
Մինչև որ նա տեղեկանա իմ վախճանի, կյանքի մասին,
Թող լույս տա ձեզ արևի պես, վարդ չթոշնի ու թոռոմի,
Իսկ հանցավոր մարդկանց նա թող հալի՝ նման մեղրամոմի։
167
Դուք լավ գիտեք՝ նրան որդու, եղբոր նման կրթել եմ ես,
Ինչպես որ դուք Ավթանդիլին՝ հնազանդվեք նրան նույնպես.
Թե ձեզ նրա փողը կանչե, արեք ինչպես իմ ժամանակ,
Թե չդառնամ ժամանակին, դուք սագ արեք և ո՜չ ծանակ»։