Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

188 Համոզում Էր նա ինքնիրեն ու սիրտ տալիս՝ «դեռ համբերիր»,
«Չեմ մեռնելու ես օր առաջ, սիրտ իմ տոկա, մի նվաղիր
Զուր եմ լալիս՝ առանց աստծո — անկարող եմ ես ինձ օգնել–
Անկարելին չի՛ կատարվի, ոք չի՛ կարող բախտն իր փոխել։

189 Ամեն մի վայր երկնքի տակ՝ անցա, եղա՝ ես ամենուր,
Բայց ոչ մի տեղ չլսեցի այն կտրիճի մասին մի լուր։
Իրավ էին հարկավ նրանք, որ քաջք էին նրան կարծում,
Արդ ի՞նչ օգուտ լացը վշտիս, զուր եմ այսպես դառը կոծում»։

190 Ու Ավթանդիլն իջավ սարից, գետ ու անտառ թողեց ետին
Եղեգնուտից արդեն հոգնած՝ տափաստանով սուրո՛ւմ էր ձին.
Բայց կռների ուժն էր պակսում, կորով լինել էլ չէր կարող,
Մինչ խաղում էր բյուրեղ դեմքին սաթի վզնո՛ցն անդ թռվռող։

191 Ու տուն դառնալ նա որոշեց, ա հառաչեց, արցունք թափեց,
Նայեց դաշտին դեմ հանդիման, աչքով հեռու ճամփան չափեց,
Ամբողջ ամիս նա ոչ մի տեղ մի շնչավոր մարդ չէ՛ր տեսել,—
Լոկ գազաններ զարհուրելի, բայց նա սրտի ձա՛յնն էր լսել։

192 Վայրենացած թեկուզ մենակ տնքում էր նա, քաշում հոգոց,
Բայց և սնո՛ւնդ իրեն հոգում՝ նորից ձեռով ադամորդոց.
Նետով որսաց որսը իրա, Ռոստամի ի՛սկ բազկից երեց,
Շամբուտի մոտ իջավ ձիուց ու կայծհանով կրակ վառեց։

193 Ձին բաց թողեց արածելու՝ մինչ խորոված կխորովեր,
Տեսավ՝ իրա կողմը եկող վեցյակ ինչ որ ձիավորներ։
Ասաց. «Սրանք հեն են կարծես, ինչ գործ ունեն թե չէ իրենք,
Այս կողմերում մարդ հողեղեն էլ չի եղել ուրիշ երբեք»։

194 Ու վերցրած աղեղ ու նետ՝ նա դեմ գնաց առանց ահի.
Երկու հոգի միրուքավոր տանում էին մի պատանի։
Վիրավորվա՛ծ էր նա գլխից և ուշաթափ արյունաքամ,
Լալիս էին, ցավում, սակայն՝ շնչել նա չէր կարող անգամ։

195 Կանչեց. «Ո՞վ եք, դուք եղբայրներ, ես կարծեցի ձեզ ավազակ»,
Եվ նա լսեց. «Հանգստացիր, եղիր մի կերպ մեզ օժանդակ.<
Թե չես օգնի՝ մեզ ձայնակցիր, վիշտը վշտով բազմապատկիր,
Ողբա ողբը մեր դառնագին և մորուքով այտդ ծածկիր»։