Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

196 Եվ մոտեցա՛վ Ավթանդիլը սգողներին հարց ու փորձեց,
Ու պատմեցին նրանք՝ ինչ կար, ասին լացով դառնահեծեծ։
«Մենք եղբայրներ ե՛նք երեքով, դրա համար ենք այդ սգում»
Ունենք ամուր բերդաքաղաք՝ Չին-Մաչինի շրջակայքում։

197 Լսել էինք շատ կան որսեր՝ այս կողմերում որսի եկանք,
Մեզ հետ մեր զո՛րքն էր անհամար, գետի ափին մենք մոտեցանք
Աստ մնացինք մի ողջ ամիս, որսատեղին հավանեցինք.
Դաշտում, սարում ու կիրճերում անթիվ գազան կոտորեցինք։

198 Մենք, այս երեք եղբայրներով, ուրիշներից առաջացանք,
Վիճարկեցինք և իրարու, թե շատ ո՞րս կարողացանք.
«Ես շատ զարկի,— մեկս ասաց, իսկ երկրորդս՝ ես առավել»
Չպարզեցինք՝ ով է իրավ, գանգատ արինք ու դժգոհել։

199 Ետ ղրկեցինք մենք զորքն այսօր՝ պախրաների բարձած մորթով,
Ասինք «Պարզենք ո՞վ է իրավ, ո՞վ է հաղթուն իր աջ բազկով,
Առանձնանանք մենք մեկ ու մեկ, ջոկ-ջոկ կանգնենք ու առանձին
Մեր տեսածին միայն որսանք, ո՛չ ուրիշի նկատածին։

200 Երեք հոգո՛վ մենք մնացինք և զինակիր երեք հոգի,
Չկասկածենք որ իրարու՝ ասինք մնանք առանց զորքի։
Որսում էինք դաշտում ամբողջ և փոսերում, անտառներում,
Եվ կոտորո՛ւմ գազան, հա՛վք իսկ՝ ինչ մեր վե՛րև էր թևորում։

201 Հանկարծ կտրիճ մի երևաց՝ դեմքով մռայլ, տխուր այնքան,
Հեծած ահեղ նժույգը սև, որ հրեղե՛ն էր, աննման.
Նա ընձենի ուներ հագած մարմնի վրա և իր գլխին,
Նրա նման չքնաղ էակ չէ՛ հանդիպել դեռ ոչ ոքին։

202 Նայում էինք՝ նրա փայլից, շուքից նրա մենք շլացած։
Ասում էինք. «Արև՛ է նա, որ երկնքից իջել է ցած»։
Եվ ուզեցինք նրան բռնել ու համարձակ դիմեցինք մոտ,—
Դրա համա՛ր արդ ախ ու վախ, արյունլվա՛ ենք, արցունքոտ։

203 Ես՝ ավագս ի կրտսերաց, ի՛նքս ուզեցի բռնել նրան,
Մինչ միջնեկը շատ հավանեց ու ցանկացավ նժույգ միայն,
Կրտսե՛րն էր, որ կռվել ուզեց, մենք էլ չեղանք նրան արգելք
Մենք մոտեցանք, իսկ նա չքնաղ՝ դեռ գնո՛ւմ էր հանգստաքելք։