Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

240 «Այս կնոջ հետ,— խորհեց ինքնին,— էլ հարկ չկա՛ այսպես խոսել,
Ուրիշ միջո՛ց պիտ հղանալ, ավելի լավ հնար գտնել»։
Թողեց նրան, նստեց մենակ և արտասուք թափեց ու լաց—
«Բարկացրի՛,— ասաց կնոջ,— զղջում եմ, ա՜խ, գործս արած»։

241 Կինը նստած՝ խռով, մռայլ և տակավին չէր մեղմանում,
Ավթանդիլը՝ նստած լալիս ու ոչ մի խո՛սք արտասանում,
Ավազան էր արտասուքի վարդանոցո՛ւմ այն կազմվել
Լա՛ց եղավ և կինը մի կողմ—Ավթանդիլից էր ազդվել։

242 Արտասվում էր նա ջերմաջերմ, խղճում լացող այն կտրիճին,
Բայց նստել էր տար ու օտար, մի բառ անգամ չկար շուրթին.
Կտրիճն զգաց՝ ու մտածեց. «Մեղմանում է զայրույթն իմ դեմ»,—
Եվ աղերսեց արտասվաթոր, գնաց ծնկի չոքեց արդեն։

243 Ասաց. «Դիտեմ, անկարող ես իմ նկատմամբ արդ վստահման,
Բարկացրի — մնացել եմ՝ պանդուխտի ու որբի նման։
Գլուխս քեզ կնվիրեմ՝ վստահելուդ համար սակայն,
Զի յոթն անգամ, ասված բան է, արժանի է մեղքը ներման։

244 Թեպետ և քեզ անձիս մասին առիթ տվի վատ մտածել,
Բայց և հիշիր — սիրահարի՛ն խղճալ է պետք ու տոգորել,
Անզոր եմ ես այլուստ ամեն, չկա ոչ ոք ինձ օգնական,
Ավելին ի՞նչ կարող եմ տալ—սրտիդ համար հոգիս կտամ»։

245 Երբ կտրիճից կինը լսեց նրա խոսքը սիրո մասին—
է՛լ առավել արյուն հեղեց՝ հարյուրակի հեծկլտագին.
Բարձր ձայնով, դառնահառաչ նորից լացեց, չծիծաղեց,—
Ավթանդիլի՛ սրտին աստված ուրախության հույս նշմարեց։

246 Ու մտածեց. «Խոսքից սիրո գունատվում է դեմքը նրա,
Խելակորույս՝ մեկի համար, նա արցո՛ւնքն է շաղում իրա.
Ասաց. «Իմ քո՛ւյր, սիրահարին թշնամինե՛րն էլ են խղճում.
Այս էլ գիտցի՝ նա հենց ի՛նքն է մահ որոնում, չէ թե փախչում։

247 Ես է՛լ մի խենթ սիրահար եմ, ուշք ու միտքս տված սերին,
Ինձ իմ արևն աստ ուղարկեց՝ որոնելու այդ կտրիճին,
Ուր ամպն անգամ դեռ չի հասել՝ այդ վայրերում եղա, անցա,
Եվ սիրտը ձեր արդեն գտա, նայն է՝ սի՛րտը քո թե նրա։