Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

232 Նորից ասաց. «Ո՜վ պատանի, ի՞նչ ես խնդրում, ուզում այդքան,
Պատմությունն այդ վերապատմել և չի կարող գրիչն անգամ։
Դա մի անգամ կասես «Պատմիր», ես քեզ կասեմ «Ոչ» անհամար.
Ւնչպես ծիծա՜ղն է լավ լացից՝ սուգն է երգից լավ ինձ համար»։

233 Ասաց. «Գիտե՞ս ինչ նեղություն ու ճանապարհ եմ ես անցել,
Որքա՜ն փնտրել լուրը-լուրին, բայց լսել չե՜մ կարողացել։
Արդ քեզ գտա՜ ու որքան էլ վիրավորվես իմ խոսքերից,
Չեմ արձակի, մեկ է, ես քեզ, պատմիր և մի՜ քաշվիր ինձնից»։

234 Գեղուհին թե. «Ես ո՞վ, դու՝ ո՞վ, դու որտեղի՞ց աստ լույս ընկար,
Պատժվեի՜ր, պիտի եղյա՜մ, թե արևս հիմա ետ գար.
Ձանձրալի է խոսքը երկար, ես քեզ պիտի հակիրճ ասեմ՝
Վարվիր՝ ինչպես ինքնդ կուզես, ես քեզ ոչինչ պատմելու չեմ»։

235 Կրկին խնդրեց երդումներով, կնոջ առաջ ծունկի չոքեց,
Սակայն նրան չհամոզեց, աղերսելուց արդեն հոգնեց.
Զայրույթ պայթեց նրա դեմքին, աչքերի մեջ լցվեց արյուն,
Վեր թռավ ու, ծամքաշ արած, դանակ սուրսայր դրեց բկին։

236 Ասաց ահա «Այսքան կրած վրդովումս քեզ ո՞նց ներեմ,
Բավ է՛ որքան ես լաց եղա, բավ է՝ իզուր արցունք հեղեմ.
Լավ է պատմես — սույնից բացի՝ չեմ նեղացնի ոչ մի անգամ
Թե չէ՝ աստվա՜ծ տա թշնամուս այն մա՜հը, որ ես քեզ կտամ»։

237 Աղջիկն ասաց. «Չա՜ր է անչափ բռնությունդ արդ իմ հանդեպ,
Թե չսպանես՝ չեմ մահանա, նորից ողջ եմ, նորից անդեպ.
Ինչո՞ւ պատմեմ՝ դեռ կենդանի՝ քանի որ կամ՝ իզուր կանուխ,
Իսկ թե մորթես՝ չեմ ունենա քեզ պատմելու վրաս գլուխ»։

238 Կրկին ասաց. «Կտրի՜ճ, ինչո՞ւ գտար դու ինձ կամ ո՞վ ես դու,
Քանի ողջ եմ, ես կենդանի, այդ բանը քեզ չե՜մ պատմելու,
Ես ավելի լա՜վ կսեպեմ գլուխն իմ տամ քեզ՝ սպանես,
Ինչպես անպետք թղթի կտոր դու հեշտությամը թող պատառես։

239 Մի՛ կարծիր, թե ինձ սպանել—ինձ պատիժ է այդ լինելու.
Կչորացնե՛ս դու դրանով արցունքիս լիճն—էլ չեմ լալու.
Մի ծղոտ է աշխարհն ամեն, իմ աչքում այն ավել չարժի,
Չեմ ճանաչում ո՞վ ես ինքդ, ես ո՞ւմ պատմեմ խոսք հավաստի»։