Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

256 Արդ՝ պատմությունն այն կտրիճի դու ոչ մի տեղ չես գտնելու,
Թե չպատմի նա ինքը քեզ, ոչ մի լեզու չի պատմելու.
Գուցե և ուշ, բայց անկասկած, նա կդառնա՛, դու սպասի՛ր,
Վարդն արցունքից չի թառամի. վարդիդ համար՝ հանգստացիր։

257 Թե անունը մեր երկուսի իմանալ ես ուզում հիմա,—
Տարիե՛լ է կտրիճը խենթ, անունն այս է իրոք նրա,
Իսկ ինձ՝ Ասմա՛թ են անվանում, ես, որ զոհ եմ տառապանքի —
Եվ ոչ թե մեկ՝ բյուր ի բյուրոց և անընդհատ հառաչանքի։

258 Ուրիշ ոչինչ ես չեմ կարող ավելացնել իմ այս խոսքին.
Թափառում է նա սար ու ձոր պարթևիրան ու զայրագին,
Սնվում եմ ես՝ խեղճս, մենա՛կ նրա բերած որսի մսով
Ու չգիտեմ՝ հիմա՞ կգա, թե՞ կշրջի երկար հանդով։

259 Այս եմ խնդրում, որ համբերես, ուրիշ տեղեր դու ման չգաս,
Երբ որ կգա, ես կաղաչեմ, որ հաջողեմ գուցե հանկարծ.
Ես ձեզ այնպես ծանոթացնեմ, որ անպատճառ սիրի նա քեզ,
Ի՛նքը պատմի քեզ իր մասին, դու՝ սիրելուդ ուրախացնես»։

260 Եվ Ավթանդիլն անսաց նրան, հպատակվեց ու խոսք տվեց,
Այդ միջոցին ետ նայեցին՝ ձորից ջրի ճողփյուն լսվեց.
Գետն անցել է, տեսան՝ արդեն, լուսինը ա՛յն լուսապսակ
Ե՛տ քաշվեցին անմիջապես, չկորցնելով անդ ժամանակ։

261 Եվ կինն ասաց. «Տվեց աստված ցանկացածդ ժամը պատեհ,
Բայց դու անտես դարձիր հիմա ու թաքնվիր ներսում դու դեհ,
Չի հանդուրժում կտրիճը այն իր մոտ ուրիշ մի հողածնի,
Գուցե այնպես հաջողացնեմ՝ տեսքդ նրան չզայրացնի»։

262 Եվ շտապով նա թաքցրեց Ավթանդիլին քարանձավում։
Կտրիճն եկավ, իջավ ձիուց, թուր ու կապարն են շողշողում,
Եվ ողբացին կին ու կտրիճ ծովի պես ծով արցունքներով.—
Ավթանդիլը ճեղքի միջից տեսավ բոլորն իր աչքերով։

263 Բյուրեղն առավ հասպիսի գույն՝ արտասուքի ցողով ցողված,
Երկար-երկար արտասվեցին կտրիճ ու կին՝ սևավորված.
Կինը քակեց զենը նրա և կտրիճի ձի՛ն տարավ ներս։
Լռեցին — սև՛ սաթի դանակն արտասուքի գետը կտրեց։